«Աստված ջան, երանի տանեն». Երևանում Արցախ մեկնող կամավորների մեջ նաև կանայք կան

Զինվորագրման հերթեր են գոյացել ամբողջ Հայաստանում։ Sputnik Արմենիայի թղթակիցը այցելել է Երևանի զինկոմիսարիատ և զրուցել կամավորներից մի քանիսի հետ։
Sputnik

Հայաստանի զինկոմիսարիատներում կազմակերպվել է պահեստազորի և կամավորների զորահավաք: Ցանկացողների մեծ հոսքի պատճառով Երևանի զինկոմիսարիատներից մեկը կամավորներին ընդունում է երաժշտական դպրոցի շենքում։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը ինքնակամ է եկել։

«Եղբորս պիտի տանեին, ասեցի` հետը գնամ, էն էլ ինձ չտարան, արդեն տեղ չկա»,–դժգոհում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Վիրավորների թիվը նվազել է, տղաներն արդեն ծառայության են վերադառնում. Հովհաննիսյան

Արցախ մեկնողների մեջ միայն տղամարդիկ չեն։ Այս կինը Ռոզա Սաղաթելյանն է։ Նա իր երկու անչափահաս երեխաներին թողնում է տատիկի ու պապիկի մոտ ու մեկնում առաջնագիծ։

«Ես ապրում ու շնչում եմ մեր հայրենի հողով։ Առավոտվանից եկել եմ ու ասում եմ` Աստված ջան, երանի տանեն։ Ու ստացվեց։ Բալիկներս եկել են ինձ ճանապարհեն։ Ես տան միակ զավակն եմ, մայրիկս նեղվեց, բայց ես էլ ասում եմ` մեկը չգնա, մյուսը չգնա` ոնց կլինի։ Կապ չունի, որ աղջիկ եմ։ Մեր հողի, մեր արյան համար պատրաստ եմ, բոլորս պատրաստ ենք»,–ասաց տիկին Ռոզան։

Իսկ այս տղամարդը` Գոռ Ամատունին, բնակվում է Իսպանիայում, բայց նույնպես միացել է իր հայրենակիցներին ու պատրաստվում է մեկնել Արցախ։

«Ես կամավոր եմ եկել։ Պատերազմը համընկավ, իմ բիզնես հարցերով էի եկել։ Մենակ ես չեմ այսպիսին։ Տեսեք` մարդիկ իրար հետ վիճում են` ով առաջինը գնա։ Ես հույս ունեմ, որ այս ամենը շուտ կավարտվի ու մեր հաղթանակով։ Եթե նայեք այս տղերքին, միանգամից կհասկանաք, որ մենք ենք հաղթելու»,–ասաց Ամատունին։

Հայ հաքերները կոտրել են Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Մարտակերտում Ադրբեջանը կրակել է նաև հայ լրագրողների ուղղությամբ. տեսանյութ

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 58 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել: