ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik.ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և շփման գծի ողջ երկայնքով` մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ արձակելու փաստերով։
«Հարուցվել է քրգործ՝ հակառակորդի կողմից ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ծառայողական պարտքը կատարելու հետ կապված 2 և ավելի զինվորների ապօրինաբար կյանքից զրկելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, վնասելու դեպքերի առթիվ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ռազմական ավիացիայից, հարվածային անօդաչու թռչող սարքերից, զրահատեխնիկայից ու հրթիռա-հրետանային տարբեր միջոցներից արձակված կրակոցներից սպանվել և վիրավորել են ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ։ Բացի այդ, պայթյունի և հանրավտանգ այլ եղանակով դիտավորությամբ ոչնչացվել են մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերի, մարտական դիրքերի շինություններ, ռազմական գույք և սպառազինության այլ միջոցներ` պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
28 նոր զոհ. ՊԲ-ն նոր ցանկ է հրապարակել
Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով (սպանություն) և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 59 զինծառայող և 2 քաղաքացիական անձ։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։
Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Հակառակորդի գործողություններից տուժած 8 քաղաքացի տեղափոխվել են Հայաստանի տարբեր ԲԿ–ներ