ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ այսօր արտահերթ նիստ է հրավիրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն ընդունելու հարցով։
Արտահերթ նիստը մեկնարկեց սեպտեմբերի 27-28-ին Արցախում զոհված զինվորականների ու քաղաքացիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ հայտարարության տեքստը հեղինակել են խորհրդարանում ներկայացված բոլոր 3 քաղաքական ուժերը։
«ՀՀ ԱԺ–ն խստորեն դատապարտում է 2020թ–ի սեպտեմբերի 27-ի առավոտյան ԱՀ–ի նկատմամբ սանձազերծած ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը»,– ասված է հայտարարության մեջ։
ՌԴ–ում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ Արցախի դեմ կռվում են ահաբեկիչ–վարձկաններ Սիրիայից
Հայտարարության հեղինակները նաև արձանագրում են, որ Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինատեսակներ է օգտագործում Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական օբյեկտների նկատմամբ։
«Մեկ անգամ ևս փաստում ենք, որ Ադրբեջանի իշխանությունն իրական սպառնալիք է արցախահայության գոյության, Արցախի և Հայաստանի հանրապետությունների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Ուստի հայկական ԶՈւ–ի ինքնապաշտպանական բոլոր գործողությունները ուղղված են այս վտանգի չեզոքացմանը։ Քաղաքացիական բնակչության, ծերերի, երեխաների, կանանց նկատմամբ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլև բոլոր քաղաքակրթություններում, միջազգային բոլոր կրոններում ու դավանանքներում»,– ասված է հայտարարության մեջ։
ԱԺ–ն արձանագրում է, որ միջազգային հանրությունը պատրավոր է զսպել ոչ միայն Ադրբեջանին, այլև նրա դաշնակից Թուրքիային, նրանց գործողություններն արժանացնել միջազգային գնահատականի։
Ադրբեջանը չի դիմել իր զինվորականների դիերը տարհանելու խնդրանքով. Հովհաննիսյան
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։
Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Արցախ տանող Սոթք–Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։