Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել

Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացիները դուրս կգրվեն` նրանց առողջական վիճակի գնահատումից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով բուժօգնության համար դիմած քաղաքացիների ընդունումը: Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ`այս մասին հրաման է ստորագրել նախարար Արսեն Թորոսյանը։

Տղերք, պինդ կացեք. համալսարանական բժիշկները ճակատ են մեկնում. տեսանյութ

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի` դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հրամանի` կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ, անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդների ընդունում: Հիվանդանոցային պայմաններում բուժվող քաղաքացիները դուրս կգրվեն` նրանց առողջական վիճակի գնահատումից հետո։ Հետագա հսկողությունը կկազմակերպվի սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով:

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև հղի կին է տուժել

Նախարարությունը լիահույս է, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան կայացված որոշմանը և կհետաձգեն իրենց հիվանդանոցային պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը: