ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին է ուղարկել հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։
«Խորհրդին հատուկ հաղորդում ներկայացրի երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ»,–նշված է հայտարարության մեջ:
Թաթոյանը հայտնել է նաև, որ սա հատուկ ընթացակարգ է ու այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
Նրա խոսքով՝ հաղորդման մեջ ներկայացված են Արցախի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական թիրախային հարձակումները՝ համապատասխան փաստերով ու լուսանկարներով: Բացի այդ, եզրահանգումներ են արված այն մասին, որ իրական վտանգի տակ են երեխաների, կանանց, տարեցների ու, առհասարակ, ողջ խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, նրանց սեփականությունը, դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտները:
ԱԳՆ օրակարգում կա՞ Արցախի անկախության ճանաչման հարցը. պատասխանում է Նաղդալյանը
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 58 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։
Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։
Մնացականյանը մոտ 2 տասնյակ գործընկերների հետ է խոսել Ադրբեջանի քայլերի մասին. Նաղդալյան