ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է լինել զսպող քայլ, որը համարժեք պատասխան կլինի ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիային։ Արցախի ՊՆ տեղեկատվական շտաբում կայացած ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
Նա տեղեկացրեց, որ Արցախի արտաքին գործերի նախարարությունն ակտիվ կապի մեջ է միջազգային գործընկերների հետ, որպեսզի տարբեր կառույցների համար հստակ լինի այն փաստը, թե կողմերից որն է ագրեսիան սանձազերծողը։ Նա հիշեցրեց, որ այսօր հակամարտության սրման վերաբերյալ հայտարարություններ են տարածել ոչ միայն միջազգային գրեթե բոլոր կառույցները, այլև տարբեր երկրների ղեկավարներն ու արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները։
«Բոլոր կոչերը խաղաղասիրական են և ուղղված են խաղաղության հաստատմանը։ Կարող ենք առանձնացնել Թուրքիային, որն ագրեսիվ և միակողմանի հայտարարություններով է հանդես եկել Ադրբեջանի օգտին»,– ասաց Մայիլյանը` հավելելով, որ միջազգային հանրությունը ոչ միայն պետք է զսպի ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային։
Արցախի ՊՆ–ն հրապարակեց զոհված զինծառայողների անունները. նրանցից մեկը կին է
Մայիլյանն ընդգծեց, որ այս պահին ՊԲ-ն մարտնչում է երկու երկրների դեմ և հիշեցրեց, որ բազմիցս կասկածի տակ է դրվել Թուրքիայի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, քանի որ ենթադրվում է` միջնորդի դեր կատարող խմբում պետք է չեզոք դիրքորոշում ունեցող երկրներ լինեն, մինչդեռ Թուրքիայի դիրքորոշումն ընդգծված միակողմանի է։
Մայիլյանի խոսքով` այս պահին առաջնահերթ խնդիրը ռազմական գործողությունների դադարեցումն է, որից հետո միայն Ադրբեջանին պետք է վերադարձնել քննարկումների սեղանի շուրջ։ Ամեն անգամ նման ագրեսիվ պահվածքով Ադրբեջանը վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին։
ԱՀ արտգործնախարարի կարծիքով՝ քաղաքական հարցերը լուծում են քաղաքական ճանապարհով, այլ ոչ թե ուժային, և այս գաղափարն է, որ պետք է հասցվի Ադրբեջանի ղեկավարությանը։
Ողջամիտ եղեք․ Կադիրովը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրովոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։