Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև հղի կին է տուժել

Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է ժամանակին և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին էլ է լրջորեն վիրավորվել:

«Բարեբախտաբար, մեր բժիշկների պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ երեխան էլ է փրկվել, մայրիկն էլ»,- ասել է նա:

ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ

Ավելի վաղ Բեգլարյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժն Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել, այդ թվում՝ Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Բերձորը, Քարվաճառը և այլն, այսինքն` բոլոր շրջկենտրոնները։

Խաղաղ բնակչության շրջանում այս պահին հաստատված է 2 զոհ, 30-ից ավելի վիրավոր։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

Վիրավոր երեխաներ ու երիտասարդներ, վնասված տներ. լուսանկարներ Արցախից

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհերից բացի, հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Օրվա կադր. հոգևոր առաջնորդը խաչին զուգահեռ զենք է վերցրել ձեռքը