«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

Արայիկ Հարությունյանը հավաստիացնում է՝ զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է` եթե Ադրբեջանը պատերազմ է ուզում, ապա ստանալու է այդ պատերազմը։ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել` ասելով, որ քիչ առաջ հանդիպել է արդեն իսկ առաջին կամավորականներին։

«Որևէ մեկը ո՛չ զոհով, ո'չ կորստով, ո՛չ վիրավորով թող չհուսահատվի։ Պատերազմ են հայտարարել, պատերազմ կստանան։ Մեր պատիվը հայրենիքի, սերունդների նկատմամբ պետք է կատարվի»,–ասել է նա։

Արցախի նախագահը հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Նա բնակչությանը կոչ է անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Նախագահը հավաստիացնում է՝ զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ:

Հարությունյանը հիշեցնում է, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով: Օդային և հրետանային հարվածներ են հասցվել նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Հայկական կողմը հայտնել է, որ վիրավորներ և զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։

Պաշտոնական տեղեկություններով` հակառակորդի 3 տանկ, 3 ուղղաթիռ և 3 ԱԹՍ է խոցվել։