ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի տեղեկացմամբ` բացի ԱԽ անդամներից նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողություններին հակազդելուն, Զինված ուժերի կողմից դրանց արժանի հակահարված տալուն և հետագա քայլերին վերաբերող հարցեր»,– գրել է Գևորգյանը Facebook-ի իր պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի. ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։