ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Արցախա–ադրբեջանական շփման գծի առաջնագծի ողջ երկայնքով Ադրբեջանը ներկայում իրականացնում է հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ` զուգահեռ հրետակոծության ենթարկելով քաղաքացիական բնակավայրերը: Տեղեկությունը հայտնել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը` ուղերձ հղելով սահմանային իրավիճակի առնչությամբ։
«Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է: Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմակողմանի աջակցությունից, չի հաշտվել 2016թ. ապրիլին Արցախում և 2020թ. հուլիսին ՀՀ հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հետ ու կրկին պատերազմ է սանձազերծել»,–ասել է նա։
Գասպարյանի խոսքով` պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով` հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:
Նա ասել է, որ եկել է ժամանակը ցույց տալու մեր ոգու արիությունը, բազկի ուժը և անսահման ատելությունը քոչվոր ու անհայրենիք քարանձավային ցեղի մնացորդների նկատմամբ: Գասպարյանի խոսքով` պետք է արժանի լինենք հայոց զենքի և անվան փառքին:
Նա նշել է, որ մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայկական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի` ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը վստահ է` հաղթելու ենք։
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։