Երևանի Հանրապետության հրապարակում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքվել են ՀՅԴ կամավորականներ՝ Արցախ մեկնելու համար։ Ինչպես հայտարարեց ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ առաջին վաշտն արդեն պատրաստ է ճակատ մեկնել, երկրորդ վաշտը թիկունքից գալիս է, երրորդն ու չորրորդն էլ մոտակա օրերի խնդիր է։
Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարված։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Մարտերը շարունակվում են:
«ՊԲ-ն կասեցնում է թշնամու առաջխաղացումը՝ պատճառելով ծանր կորուստներ». Տոնոյանի կոչը