Արցախում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրետակոծություն է սկսել

Արցախից վստահեցնում են, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիներին

«Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է նա:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն էլ իր ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հորդորելով պահպանել ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգության զգոնություն:

«Մեր տղերքն ամուր են սահմանում»,-վստահեցրել է նա։

Հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանն էլ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ԱԹՍ-ները հրետակոծել են նաև Արցախի մայրաքաղաքը։

«Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Ստեփանակերտին: Քաղաքում օդային տագնապ է հայտարարվել»,-գրել է նա: