Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել

Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Արցախի նախագահը շեշտել է` իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Տեղեկությունը Facebook–ի պաշտոնական էջում հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը` նշելով, որ քիչ առաջ ավարտվել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի ժամանակ նաև ինքն է ելույթ ունեցել։

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի:
Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա: Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները»,– գրել է ԱՀ նախագահը։

Նա շեշտել է, որ իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը:

«Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը»,– հայտարարել է նախագահ Հարությունյանը։

Երկրում ստեղծված իրավիճակի մասին գրառում է արել նաև Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Պատերազմը վերահսկվում է երկրի Գերագույն Գլխավոր հրամանատարի կողմից։ Արցախի Ազգային ժողովում այժմ քաղաքական հայացքների տարբերություն չկա. մենք միահամուռ ենք Հայրենիքի անվտանգության հետ կապված հարցերի շուրջ։ Այս սրբազան պատերազմում մենք հաղթելու ենք»,– գրել է նա ու հավելել, որ հայկական զինուժն ի վիճակի է կարճ ժամանակամիջոցում կասեցնելու թշնամու գրոհը՝ այն տեղափոխելով հակառակորդի տարածք։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Տոնոյանը Ադրբեջանի հերթական սադրանքի մասին տեղեկացրել է Կասպշիկին