ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած մարտական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ պաշտոնական տեղեկատվությունից զատ բոլոր տեսակի այլ աղբյուրների տեղեկությունների, ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից:
«Հորդորում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին չհրապարակել պատկան մարմինների հետ չճշտված տեղեկություններ և ոչ պաշտոնական մեկնաբանություններ:
Անհրաժեշտ է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները, լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ, համացանցում կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում չտարածել դրանք և անհապաղ դիմել ՀՀ ԱԱԾ թեժ գծի՝ 191 հեռախոսահամարով կամ անձնական նամակով գրել www.facebook.com սոցիալական ցանցի «ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն» պաշտոնական էջին»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Գարեգին Բ–ն ընդհատում է իր այցն ու Իտալիայից վերադառնում հայրենիք. նա կոչով դիմել է ազգին
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով:
Օդային եւ հրետանային հարվածներեն հասցվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տեղեկություններով խաղաղ բնակչության մեջ կան զոհեր ու վիրավորներ: