Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք ու հաղթենք. ԵԿՄ-ն պատրաստ է մեկնել Արցախ

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ԱԺ-ում կոչ է արել պայքարել հանուն երեխաների ու թոռների ապագայի: Եթե այսօր չկանգնենք այս պատերազմի դեմ, ստիպված ենք լինելու նորից ցեղասպանվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ԵԿՄ-ն պատրաստ է և սպասում է Արցախ մեկնելու հրամանին: Այսօր ԱԺ-ի արտահերթ նիստի իր ելույթում հայտարարեց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Ադրբեջանական ԶՈւ-ն զինտեխնիկայի հերթական կորուստներն է կրել. տեսանյութ

«Սա մեր վերջին կռիվն է, որ փառքով ենք տալու, մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք ու հաղթելու ենք,- ասաց Միքայելյանը,- մենք գիտակցում ենք, որ գնում ենք զոհաբերության, հանուն Արցախ աշխարհի, հանուն մեր ժողովրդի ապագայի: Եթե այն ժամանակ ես ու իմ հասակակից ընկերները գնացել ենք հաղթելու մեր երեխաների համար, այսօր մենք կանգնած ենք մեր թոռնիկների ազատ հայրենիք ունենալու համար»:

Միքայելյանն ԱԺ ամբիոնից հնչեցրեց իր թոռնիկների անունները՝ հայտարարելով, որ հանուն նրանց պատրաստ է ևս մեկ անգամ մեկնել  պատերազմ:

«Ես այսօր կանգնած եմ իմ Կոմիտասի, իմ Արաբոյի, իմ Սևադայի համար: Ինձ պես շատ մարդիկ կանգնած են իրենց թոռնիկների համար»,- նշեց Միքայելյանը:

ԵԿՄ նախագահը զուգահեռներ անցկացրեց 90-ականների արցախյան պատերազմի և ներկայիս մարտերի միջև՝ նշելով, որ ինչպես այն ժամանակ, այս անգամ ևս հակառակորդը վարում է նույն քաղաքականությունը: 

«Սա այն նույն ձեռագիրն է, որ Ադրբեջանը կիրառեց 80-90-ականներին, երբ ուզում էր տեղահանել Արցախի բնակչությանն իր բնօրրանից»,- ընդգծեց նա:

ԵԿՄ նախագահը համոզմունք հայտնեց, որ եթե այսօր չկանգնենք այս պատերազմի առաջ, ապա գնալու ենք նորից ցեղասպանվելու:

Արցախում ավելի քան 50 բնակավայր է թիրախավորվել. Արցախի ՄԻՊ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 20 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիարվոր ունի։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։