Կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են. Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Արցախում այս պահին էլ մարտերն ընթանում են, դրանք բավականին թեժ են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավիառումբեր, ԱԹՍ–ներ. եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

«Ադրբեջանական զինված ուժերը օդային և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման: Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ, հասցրել է հրթիռային և ավիացիոն հրթիռային հարվածներ՝ ՊԲ զորամասերի տեղակայման տարբեր նշանակության օբյեկտներին, կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են»,- ասաց Հովհաննիսյանը:

Կորուստների ճշգրիտ չափերն այս պահին ճշտվում են: ՊՆ-ն դրանք կներկայացնի ավելի ուշ:

Հայկական կողմից զինվորականների մահվան մասին լուրերն Արծրուն Հովհաննիսյանը ևս չմեկնաբանեց՝ հորդորելով սպասել պաշտոնական տեղեկատվությանը՝ կեղծ լուրեր չտարածելու համար:

Ինչ վերաբերում է խաղաղ բնակչության կրած կորուստներին, Հովհաննիսյանը հայտնեց, որ արդեն կան տեղեկություններ շենք-շինությունների զգալի ավերածությունների մասին՝ Արցախի փոքր բնակավայրերում ու Ստեփանակերտում:

«Արդեն մեր ձեռքի տակ կան որոշակի տեսանյութեր, ամփոփում ենք, օրվա ընթացքում կհրապարակենք»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հանրապետության հրապարակում զորահավաք է, ազատամարտիկները հավաքվում են. տեսանյութ

Մարտերը շարունակվում են:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։