ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ում հանդես գալ հայկական ատոմակայանին ուղղված ադրբեջանական սպառնալիքի դեմ բանաձև ընդունելու առաջարկով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«ՄԱԿ-ում մեր ներկայացուցչությունը այս անգամ բանաձևը չի ներկայացրել քվեարկության՝ հաշվի առնելով համավարակը, մասնակիցների թիվը: Բայց սա մեր օրակարգում է, մենք մշտապես սրա մասին խոսելու ենք, որովհետև անպատասխանատու հայտարարություններ այս մասով լինել չեն կարող»,- ասաց նա:
Նախարարը նաև վստահեցրեց, որ Հայաստանը միջազգային բոլոր ամբիոններում մշտապես այս հարցը բարձրաձայնելու է, ու դա չի լինելու միայն խոսք:
«Մենք պետք է հասնենք նրան, որ համապատասխան գնահատականներ տրվեն այդ երևույթին»,- ասաց նախարարը:
Սեպտեմբերի 21-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում Սուրեն Պապիկյանը հանդիպում էր ունեցել ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ և մտահոգություն հայտնել ՀԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը դիտարկում է այն որպես արժանահավատ սպառնալիք:
«Ադրբեջանի կողմից հնչեցվածն աննախադեպ է աշխարհում, հատկապես, երբ դա զուգորդվում է ռազմական գործողություններով: Իսկ դա տեղի է ունեցել ռազմական գործողությունների օրերին: Դա պիտի մտահոգիչ լինի ոչ միայն մեզ համար, այլև մեր միջազգային գործընկերների»,- անդրադառնալով ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ էներգետիկ անվտանգության գործակալությունը շատ կարևոր հարթակ է, որտեղ անդամ երկրների համագործակցության հիմքում ատոմային էներգիայի խաղաղ շահագործումն է:
Ներկայացնելով հանդիպման՝ պաշտոնական լրահոսից դուրս մնացած հատվածը՝ նախարարը հայտնեց, որ իր ներկայացրած մտահոգությանը ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին ու գործակալության երկու փոխտնօրեններն ընբռնումով են մոտեցել:
«Սա այն դեպքն է, երբ քաղաքական մասը պետք է լինի երկրորդական: Առաջնայինը մարդկային կյանքերն են, քանի որ սա մարդկային կյանքերին, տարածաշրջանային ու համամարդկային անվտանգությանն ուղղված սպառնալիք է, այդ թվում՝ նաև տվյալ երկրին, որն այդ մասին խոսում ու հոխորտում է»,- ասաց Պապիկյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում։ Մի քանի օր տևած մարտերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Վագիֆ Դարգյահլին սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին։