Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուղղաթիռով ժամանել են Աստրախանի մարզի «Կապուստին Յար» զորավարժարան, որտեղ հետևելու են «Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունների հիմնական փուլին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Թշնամին պարտված է. «Կովկաս-2020»–ում հայ–ռուսական զորաշարժերի ամենատպավորիչ կադրերը
Զորավարժարանում նրանց դիմավորել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Դիտարկման վայրի ճանապարհին նա նախագահին ներկայացրել է զորավարժություններին ներգրաված տեխնիկան: Նրանց զրույցի կադրերը ցուցադրվել են «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Գլխավոր շտաբի ղեկավարը պատմել է նաև զորավարժություններին տանկերի աջակցող մարտական մեքենայի մասին։ «Հզորագույն մեքենա է, կրակային խոցման միջոց։ Այն ստեղծել են տասը տարի առաջ, բայց չի կիրառվել»,-նկատել է Գերասիմովը ՝ հավելելով, որ հետո որոշում է կայացվել այն վերադարձնել սպառազինություն։
«Կովկաս-2020» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը ՀՌՕ տարածքում և Սև ու Կասպից ծովերում` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` ԱԻՆ–ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները, ինչպես նաև շուրջ 1000 զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից։
Վիեննայի 2011 թվականի «Վստահության և անվտանգության միջոցառումների ամրապնդման մասին» փաստաթղթի ներքո նախատեսվում է ներգրավել մինչև 12,9 հազար զինծառայողի: