ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Պտղունք գյուղում ենք, որտեղ երեկ խոշոր հրդեհ էր բռնկվել։ Երկհարկանի շենքի բոլոր 14 բնակարանները տուժել են, այդ թվում` տասը կրակի բաժին են դարձել գրեթե ամբողջությամբ։ Շենքը լրիվ անպիտան է դարձել` նկուղները լցվել են ջրով, իսկ վերևի հարկում միայն մոխրի մեջ կորած առարկաներ են։ Տեղի բնակիչներից Ռոզա Աբգարյանին ենք հանդիպում։ Թոռան հետ շվարած կանգնած է։ 2-ամյա երեխան տատի ձեռքն է քաշում ու նվնվում` արի մեր տուն գնանք։ Տիկին Ռոզան թոռից ծածուկ սրբում է արցունքներն ու ասում.
«Բալես, ո՞ւր գնանք, էլ տուն չունենք»։
Տիկին Ռոզան այս գիշեր ընտանիքի` հարսի, տղայի և երեք անչափահաս թոռնիկների հետ նույն գյուղում ապրող բարեկամներից մեկի տանն է գիշերել։ Կինը մեզ ուղեկցում է իր տուն, որի միայն կմախքն է մնացել։ Ճանապարհին հարևանները հերթով մոտենում են տիկին Ռոզային, ամուր գրկում, արտասվում։
Կինը պատմում է, որ երեկ` ժամը 17-ի սահմաններում, թոռների հետ նստած է եղել, երբ հարսը խուճապահար ներս է մտել ու ասել, որ հրդեհ է բռնկվել հարևան տներում, և կրակը մոտենում է իրենց տանը։
«Այդ պահին երեխաներին արագ ներքև իջեցրի ու ինչ տեսնեմ` կրակը տները կուլ տալով` գալիս է։ Ներս մտա, փաստաթղթերը հանեցի, միջանցքից փոքր հեռուստացույց ունեինք` դա վերցրի ու վերջ` մնացածը կրակի բաժին դարձավ»,–պատմում է տիկին Ռոզան։
Երեք սենյականոց բնակարանում այրվել է ամեն ինչ` կահույք, տեխնիկա, հագուստ, անգամ երեխաների դասագրքերը։ Տիկին Ռոզայի երկու թոռներն այսօր դպրոց չեն գնացել` հագուստ էլ չունեն։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ էլ տղան է ձեռքը վնասել։ Հարևանները հուշում են` տիկին Ռոզան շաքարային դիաբետով է տառապում, ունի նաև այլ հիվանդություններ, որոնց մասին կինն ինքը խոսել չի ուզում։
Նրա հետ զրույցի ընթացքում հարսն է մոտենում երկու 8-9 տարեկան աղջիկների հետ։ Նրանց հայրը երեխաներին խնդրում է չնայել տանը.
«Պետք չի այս տեսքով տեսնեք մեր տունը»,–ասում է։
Պտղունքի երկհարկանի շենքի այն տանը, որտեղ առաջինը բռնկվել է հրդեհը, 81-ամյա Ժենյա Գևորգյանն է ապրում։ Նրան դեպքից հետո բարեկամներից մեկի տուն են տարել։
Ժենյա Գևորգյանի աղջիկը` Մարինե Գրիգորյանը (որի տունը մոր տան հարևանությամբ է գտնվում) պատմում է, որ մոր հետ տան դիմաց գտնվող կառույցում, որը որպես բաց խոհանոց է ծառայում, պահածո են պատրաստելիս եղել, երբ հանկարծ տարօրինակ ձայն են լսել` կրակի ճարճատյունը։
Պայթյուն Ռայնիսի փողոցում․ վարչապետն ու արտակարգ իրավիճակների նախարարը դեպքի վայրում են
«Ձեռքիս գործը թողեցի ու վազեցի տուն, դուռը բացեցի` կրակը վրա տվեց։ Ներքև իջա, գոռգռացի, հարևաններին կանչեցի, ԱԻՆ զանգեցի։ Մեր տուն մտնել այլևս հնարավոր չէր` անգամ փաստաթղթերը չենք կարողացել տնից հանել; Մայրս այդ տեսարանից վատացավ, շտապօգնություն կանչեցինք, հետո էլ մորս բարեկամի տուն ուղարկեցինք»,–պատմեց Մարինեն։
81-ամյա կնոջը չեն ասել, որ իր տնից միայն մոխրի մեջ կորած պատերն են մնացել, քանի որ տարեց կինն իրեն մինչև հիմա լավ չի զգում։
Աղջիկն ասում է, որ հրդեհի հավանական պատճառը հոսանքալարերից առաջացած կարճ միացումն է, քանի որ նման մեծ ծավալով հրդեհի առաջացման համար այլ պատճառ ուղղակի չէր կարող լինել։
Պայթյուն և փլատակներ. Երևանի Ռայնիսի փողոցը դեպքից հետո. լուսանկարներ
Ամբողջովին այրված տներից մեկ ուրիշի մոտ ամուսիններ են կանգնած` 68 և 67–ամյա Գնել ու Արեգնազ Կյուրեղյանները։ Կինը հոգոց հանելով թվարկում է, թե ինչ են թողել կրակին նվեր, նշում է նաև օժիտ բերած կարի մեքենան, ինչին ի պատասխան ամուսինը հավելում է.
«Այ կնիկ, բա օժիտիդ գորգե՞րը»։
Ամուսիններով ծիծաղում են` փորձելով ցավը հումորով հաղթահարել։
Մոտենալով նրանց` հետաքրքրվում եմ, թե ինչ է այրվել, ինչին ի պատասխան Գնել Կյուրեղյանը մեղմ ժպիտով պատասխանում է.
«Այ բալա, ճիշտ կլինի հարցնես` ինչ չի այրվել»։
Ու կրակի բաժին դարձած իրերից առաջինը, որ թվարկում է տղամարդը, գրքերն են` մի ամբողջ պահարան։ Գնել Կյուրեղյանը բակում նստած է եղել, երբ աղմուկ է լսել, ծխի հոտ առել ու տեսել` հարևան տներն այրվում են։ Տանը մենակ է եղել, բայց հասցրել է որոշ իրեր դուրս հանել, այդ թվում` իր և կնոջ այն նկարները, որոնք անակնկալ է արել ու «էն թվերին» շրջանակի մեջ անցկացնելով, նվիրել կնոջը։
Կինը պատմում է, որ 1000 դոլարի չափով խնայողություն է ունեցել, որը խոհանոցում էր։ Ամուսինն այս մասին առաջին անգամ է լսում ու հումորով արձագանքում` այ կին, դու ինձնից փաստորեն գաղտնիք ես ունեցե՞լ։
Ամուսինները չեն հուսահատվում. եղածը եղած է, հիմա կարևոր է, որ պատկան մարմիններն իրենց մասին չմոռանան ու ապրելու տեղի հարցը լուծեն, իսկ մնացածին իրենք կհասնեն` բոլորն էլ աշխատող մարդիկ են։
Մինչ կնոջ հետ խոսում ենք, ամուսինը տարիքս է հարցնում ու թե.
«էդ է, տանը մի չամուսնացած տղա ունեմ, քեզ հարս եմ պահելու»։ Ծիծաղում ենք, հետո կինը խորը հոգոց է հանում, նայում ավերակ դարձած տանն ու կիսաձայն ինքն իր հետ խոսում.
«Հարս եմ բերելու։ Ո՞ւր ես բերելու, է, այ մարդ։ Դու ինքդ մնալու տեղ չունես»։
Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթենյանը հայտնեց, որ հրդեհված շենքը կառուցվել էր 1930-ականներին, և արդեն 4-րդ կարգի վթարային շենք էր համարվում։ Այս գարնանը համայնքի ղեկավարն ուզել է սուբվենցիոն ծրագրով շենքի տանիքը նորոգել, սակայն ասել են, որ 4-րդ կարգի վթարային շենքը չեն ներառի ծրագրի մեջ։
«Գյուղն այս շենքից է դուրս եկել` սա գյուղի առաջին կառույցն է։ 52 բնակիչ է հիմա տուժել, նրանց մեջ 10-ից ավելին երեխաներ են։ Գյուղում չկա որևէ ազատ շենք, որ տրամադրենք ու ժամանակավոր ապրեն` մինչև մի ճար կգտնվի։ Հարևանները պատրաստ են ընդունել անօթևան մնացածներին, բայց բոլորն ինչ–որ ազգականի տուն են գնացել»,–ասաց Արթենյանը։
Երևանում պայթյունից տուժած շենքի բնակիչների համար պետությունը նոր բնակարաններ կգնի
Համայնքի ղեկավարն արդեն դիմել է մարզպետարան, և շուտով հանձնաժողով կստեղծվի բնակիչների կրած վնասը գնահատելու համար։
Փոխհատուցման համար առաջիկայում կդիմեն կառավարությանը։