Հայտնի է` ովքեր են Հանրային հեռուստաընկերության տնօրենի հիմնական թեկնածուները

Հանձնաժողովի անդամները քննարկել են բոլոր թեկնածուների ներկայացրած ծրագրերը և որոշել են հարցազրույցի հրավիրել չորսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնում է, որ այսօր կայացել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։

«Հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հանձնաժողովի հաջորդ նիստին՝ հարցազրույցի։ Այդ թեկնածուներն են Հովհաննես Թովմասյանը, Հովհաննես Մովսիսյանը, Արմեն Սարգսյանը, Ռուդիկ Տեր–Գալստյանը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հեռուստաընկերության տնօրենի պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Հովհաննես Մովսիսյանն է, որի անունը ներառված է ցանկում։

Մելիքյան. «Հեռուստաընկերությունները դեռ դուրս չեն եկել ստվերից և թափանցիկ չեն աշխատում»

Ցանկում ներառված թեկնածուներից Արմեն Սարգսյանը հիմա Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ «Short list»-ում հայտնված թեկնածուներից Ռուդիկ Տեր-Գալստյանը նախկինում զբաղեցնում էր հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։

Հարցազրույցի արդյունքում մրցույթի հաջորդ փուլ անցած չորրորդ թեկնածուն «Փի-Բի-Էմ Մեդիա Հաուս» գովազդային գործակալության տնօրեն Հովհաննես Թովմասյանն է։

Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու հայտարարություն էր տարածել։ Մինչ այդ ուշագրավ դեպք էր պատահել. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 17-ին կորոնավիրուսի թեմայով հղած ուղերձից առաջ կատարված նախապատրաստական աշխատանքների կադրերը (վարչապետը հազում էր և ջուր խմում) հայտնվել էին համացանցում: Վարչապետի ելույթի հեռարձակումն ապահովում էր Հանրային հեռուստաընկերությունը։

«Ծառայում ենք ՀՀ–ին». Արմեն Փամբուխչյանը ստանձնել է նոր պաշտոնը

Դեպքից հետո, իրենց դիմումների համաձայն, զբաղեցրած պաշտոններից ազատվեցին նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։

Խաչատրյան. «Հանրային հեռուստաընկերությունը պետք է վերածվի համազգային հեռուստադպրոցի»