Ընդհարում Ծառուկյանի կողմնակիցների և ոստիկանների միջև. կան բերման ենթարկվածներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դռնփակ նիստում քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում քիչ առաջ դիմակ չկրելու համար վիճաբանություն և քաշքշուկ տեղի ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների ու ոստիկանների միջև։ Կան բերման ենթարկվածներ։

«Ոստիկանությունն իր օրինական գործողությունն իրականացնելիս օրենքով նախատեսված դեպքերում կարող է նաև կիրառել ուժ։ Դիմակ չկրելու համար սկսել են վիճաբանել ոստիկանության ծառայողների հետ և օրինական պահանջը չեն կատարել»,-լրագրողներին ասաց Երևան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դռնփակ նիստում շարունակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը. միջնորդությունը ԱԱԾ-ն է ներկայացրել։

Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ ինքնաբացարկ են հայտնել դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Դատարանի բակում արդեն մի քանի ժամ է՝ հավաքված են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու Ծառուկյանի աջակիցները։

«Պաշտոնատար անձինք անօրինական միջամտել են Գագիկ Ծառուկյանի դատաքննությանը». պաշտպան

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Հունիսի 30-ին պարզվեց, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակվել։ Վերջին դատական նիստերին նա չէր գալիս։

Եթե իմանամ` ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող ձերբակալեն. Ծառուկյան