Ադրբեջանի գործելաոճն անարգանք է ՍԾՏՀ կազմակերպության հանդեպ. ԱԳ նախարար

Երկկողմ տարաձայնությունները գերքաղաքականացնելու և հակամարտությունների շուրջ կողմնակալ մոտեցումները այդ կառույցի օրակարգ բերելու փորձերը հակասում են կազմակերպության Կանոնադրությանը, սկզբունքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանը պարբերաբար փորձում է չարաշահել բազմակողմ համագործակցության թեմատիկ հարթակները։ Նման հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՍԾՏՀ ԱԳՆԽ) ոչ պաշտոնական առցանց հանդիպման ժամանակ։

Վճարովի ճանապարհները ո՞ր դեպքում օգուտ կբերեն Հայաստանին

«Առանձնապես ցավալի է, որ վերջերս Ադրբեջանը միջազգային մշտական քարտուղարությանը փոխանցել է կազմակերպության մեկ այլ անդամի՝ մեր հասցեին ուղղված անհիմն և ոչ փաստարկված մեղադրանքներ պարունակող գրություն: Մենք խստորեն դատապարտում ենք նման փորձերն ու գործելաոճը, որոնք միանգամայն անընդունելի են: Դա անարգանք է կազմակերպության և վերջինիս անդամության սկզբունքների նկատմամբ»,- ասել է Մնացականյանը՝ ընդգծելով, որ ՍԾՏՀԿ-ն հիմնադրվել և նախագծվել է որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության և գործընկերության ֆորում։ Երկկողմ տարաձայնությունները գերքաղաքականացնելու և հակամարտությունների շուրջ կողմնակալ մոտեցումները այդ կառույցի օրակարգ բերելու փորձերը հակասում են կազմակերպության կանոնադրությանը և սկզբունքներին։

Ալիևի հայտարարությունը հուզական էր. Զոհրաբ Մնացականյանը` ղարաբաղյան գործընթացի մասին

Նախարար Մնացականյանը հիշեցրել է՝ երբ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, հուլիսին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի դեմ՝ «ակնհայտորեն ի ցույց դնելով, թե ինչու տվյալ անդամ պետությունը նախընտրեց ոչ միայն խոսքով, այլև գործողություններով չաջակցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված համաշխարհային զինադադարի հաստատման կոչին»։ ԱԳ նախարարը նաև հիշեցրել է Ադրբեջանի հրապարակային սպառնալիքները՝ Հայաստանի ատոմակայանին հրթիռային հարվածներ հասցնելու վերաբերյալ։

«Այս անխոհեմ և անպատասխանատու գործելաոճը բացարձակապես անհամատեղելի է միջազգային իրավունքի և քաղաքակիրթ մարդկության հիմնական արժեքների հետ»,- հայտարարել է Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է եգիպտահայ համայնքի հետ. տեսանյութ

Նշենք, որ ՍԾՏՀ ԱԳՆԽ «Համագործակցության ամրապնդում COVID-19 համավարակից անդին՝ գործողությունների նորարարական գերակայությունների հստակեցում, որոնց հարկավոր է անդրադառնալ ՍԾՏՀԿ շրջանակներում» խորագիրը կրող առցանց հանդիպումը նախագահում էր ռումինական կողմը։

Մասնակցել և ելույթով հանդես են եկել ՍԾՏՀԿ անդամ երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Մոլդովայի ԱԳ նախարարները, Ալբանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Սերբիայի, Ուկրաինայի փոխնախարարները, ինչպես նաև հրավիրյալ հյուրի կարգավիճակով Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեինը։