Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ` Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2017 թվականի ընտրություններին, որի ընթացքում ընտրակաշառք է բաժանվել։ Ըստ նրա` կարևոր խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանի հանկարծակի մուտքը քաղաքական դաշտ և մեծ հաջողությունները կապված են եղել հիմնականում ֆինանսական միջոցների հետ, և եթե նրան ցանկանում են դատել 2017 թվականին ընտրակաշառք բաժանելու համար, արդյո՞ք 2018 թվականին նա նույն մեթոդով չի մասնակցել ԱԺ ընտրություններին։
«Եթե 2018–ի մասով քրեական գործ չի հարուցվում, ապա միանգամից կասկածի տակ է դրվում վերջին խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, որովհետև պարզվում է, որ մի քաղաքական ուժ, որն առաջինը ողջունեց հեղափոխությունը, միացավ ու Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրեց, փաստորեն նույն մեթոդով է ընտրվել։ Ծառուկյանի մասնակցությունը 2018–ի ընտրություններին ձեռնտու էր Փաշինյանին, քանզի ԲՀԿ–ն միշտ իշխանությունների համար եղել է ձեռնտու, խոցելի ընդդիմություն, և Ծառուկյանը՝ ընտրվելով փակում էր արմատական ընդդիմադիրների մուտքն Ազգայի ժողով»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
Իշխանյանի կարծիքով` հարուստ մարդը, որը չի ենթարկվում կամ կարող է ինչ–որ պահից սկսած չենթարկվել, շատ վտանգավոր է միահեծան իշխանության ձգտող Նիկոլ Փաշինյանի համար։ Ըստ Իշխանյանի` անկախ ընտրություններից, Փաշինյանը կհանձնարարի իրեն կից ուժայիններին հարուցել նոր գործեր, որպեսզի վերջնականապես ջախջախի, սնանկացնի Ծառուկյանին, որովհետև դա է նրա պարագայում իշխանություն պահելու հոգեբանությունը։
Իրավապաշտպանը մատնանշում է նաև երրորդ հանգամանքը, ըստ որի` նույն համատեքստում կարելի է դիտարկել ընդդիմության ոչնչացումը։ Դատախազությունը հլու հնազանդ ենթարկվում է վարչապետին, քննչական մարմինները նույնպես, ուստի դատախազության կողմից կալանավորման վերաբերյալ հրատապ կերպով դատարան դիմելու հանգամանքը, ինչպես նաև այն իրողությունը, որ հայցը «պատահականորեն» հայտնվեց բոլոր իշխանությունների սիրելի դատավոր Մնացական Մարտիրոսյանի մոտ, վկայում են այն մասին, որ Փաշինյանը հանձնարարել է հրատապ կարգով կալանավորել Ծառուկյանին` վախենալով առաջիկա քաղաքական սրացումներից, ինչը Ավետիք Իշխանյանի համար միանգամայն պարզ է, ուստի իրավապաշտպանը համոզված է, որ Ծառուկյանին կկալանավորեն մինչև հոկտեմբերի 8-ի հանրահավաքը։
Եթե իմանամ` ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող ձերբակալեն. Ծառուկյան