«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան». ծնվել է Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին

Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։ Նա հորեղբոր անունը կկրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին, նրան հորեղբոր պատվին Ադամ են անվանել։ Տեղեկությունը հայտնում է Ադամի մայրիկը` Գայանե Անտոնյանը, Facebook-ի իր էջում։ Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։

Բարեկամներն ու ընկերները շնորհավորում են Ադամի մայրիկին` փոքրիկի ծննդյան առթիվ։

Ինչ էր թաքցրել Ադամ Սահակյանը ծառայության ընթացքում. քառօրյայի հերոսը կդառնար 23 տարեկան

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան։ Գայանե քույրս, բոլորիս աչքը լույս», «Գայանե ջան, ձեր ընտանիքում նրա ծնունդով ուրախությունը ուրախությանը թող հաջորդի», – գրում են Անտոնյանին։

Ադամ Սահակյանը 2016-ի ապրիլին տեղի ունեցած հայ–ադրբեջանական պատերազմի հերոս է։ Ապրիլի 1-ի գիշերը՝ «Լալայկա» կոչվող բարձունքում ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության` ադրբեջանական հարձակման դեմ։ Իր զինընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ և հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային)` Սահակյանն ընկնում է հերոսի մահով։

Սահակյանի և նրա զինընկերների` թշնամու դեմ մղած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալներով։

Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ