Սահմանադրական դատարանի նիստն ավարտվեց, նախագահ չընտրեցին. ե՞րբ սպիտակ ծուխ դուրս կգա ՍԴ-ից

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել կայացած ՍԴ նիստի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Շուրջ 2.5 ժամյա քննարկումից հետո Սահմանադրական դատարանի նիստն ավարտվեց առանց ՍԴ նախագահի ընտրության: Այս մասին նիաստի ավարտին լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը, որն, ի դեպ, նիստից հետո առաջինը դուրս եկավ ՍԴ-ի շենքից:

Սահմանադրական դատարանի դատավորները նոր նախագահ կընտրեն

Նա հայտնեց, որ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված`նիստն այսօր ընդմիջվել է և կշարունակվի վաղը 11:00-ին: 

«Անցում չի կատարվել օրակարգի՝ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության հարցերին: Քննարկվել են մի քանի տեխնիկական հարցեր»,- հայտնեց Շաթիրյանը:

Տեխնիկական հարցերից առաջինը վերաբերել է ՍԴ աշխատակազմի կողմից նիստը տեսաձայնագրելուն: Հարցը երկար քննարկումից հետո ի վերջո հավանության է արժանացել: Ինքը՝ Էդգար Շաթիրյանը, կողմ է եղել հարցին:

Երկրորդ հարցը վերաբերել է նիստը լուսաբանելու վերաբերյալ լրատվամիջոցների դիմումներին:

«Տևական քննարկումներից հետո նպատակահարմար չհամարվեց դիմումների բավարարումը»,- ասաց Շաթիրյանը:

Աբսուրդի ժանրից. ինչի՞ կհանգեցնի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումը

Արդյունքում` նիստը լրագրողների համար փակ կմնա։ Այն կտեսաձայնագրվի, բայց կհրապարակվի, թե ոչ, հայտնի չէ:

Երկրորդը ՍԴ շենքից դուրս եկավ ՍԴ դատավոր (նախկին նախագահ) Հրայր Թովմասյանը, որը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Նախագահի ընտրության մասին հարցին Թովմասյանը կատակով պատասխանեց՝ ասելով.

«Երևի Հռոմի պապի ընտրության պես է պետք անել. Երբ վերևից սպիտակ ծուխ դուրս գա, մարդիկ, կհասկանան, որ ընտրությունը կատարվել է»:

Նշենք, որ ՍԴ նիստին ներկա են եղել ՍԴ բոլոր 9 դատավորները:

Հիշեցնենք` 2019թ–ին իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանը կորցրել էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել էին` տարիքային շեմով պայմանավորված:

«Իմ քայլը» գտել է Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելու տարբերակը

2020թ–ի սեպտեմբերի 15-ին ԱԺ–ն փակ գաղտնի քվեարկությամբ նրանց փոխարեն ՍԴ դատավորների թափուր պաշտոններում ընտրեց 3 այլ թեկնածուների։

ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանն ստացավ 84 կողմ, 2 դեմ ձայն, ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանը` 86 կողմ, 1 դեմ, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածու Երվանդ Խունդկարյանը`85 կողմ, 3 դեմ ձայն:
ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 88–ը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը` այդ գործընթացը հակասահմանադրական համարելով։

ԱԺ-ն դուրս է եկել սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը․ Մարուքյան

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի փոխնախագահին, ապա վերջին տասնամյակում այս պաշտոնը զբաղոցրել է ՍԴ դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանը։ Նրա պաշտոնավարումը ՍԴ–ում դադարեցվել է 2018թ–ին`լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում:

ՍԴ–ում թափուր մնացած տեղում ավելի ուշ ընտրվեց Վահե Գրիգորյանը, որն, ի դեպ, այժմ հավակնում է ընտրվել ՍԴ նախագահ։