Աղասի Մարգարյանի դիտարկմամբ` փորձը ցույց է տալիս, որ մենք ներկայումս շատ հեռու ենք ընդդիմադիր դաշտում համախմբող գործընթացի ականատես լինելուց այն պարզ պատճառով, որ ներկայիս հայաստանյան ընդդիմադիր դաշտում պայքար է գնում թիվ մեկ ընդդիմադիրը լինելու համար։
«Իհարկե տարբեր քաղաքական խմբեր կան, որոնք պայքարում են իշխանության դեմ, քննադատում են նրան, փորձում են դիրքավորվել ընդդիմադիր դաշտում, սակայն այդ պայքարը միաժամանակ ընթանում է նաև հենց ընդդիմադիր ներկայացողների շարքում, որտեղ միշտ կա ընդդիմադիր առաջնորդ դառնալու նույն խնդիրը, ու քանի որ այդ հարցը լուծված չէ, և ընդդիմադիրները չեն կարողանում մի կողմ դնել ամբիցիաները, մոլուցքը, հետևաբար այստեղ որևէ կոնսոլիդացիա մեծ հաշվով հնարավոր չէ»,– նշում է վերլուծաբանը։
Աղասի Մարգարյանի կարծիքով` քաղաքական միավորումները շատ անտրամաբանական են, արհեստական, ընդամենը իրավիճակային են, որովհետև ստեղծվում են պահի թելադրանքով։ Նրանց շահերը համընկնում են լոկ վարչապետի կամ որևէ նախարարի հրաժարականը պահանջելու հարցում, ինչն ինքնին քաղաքական օրակարգ չէ, տեսլական չունի և չի կարող հիմք դառնալ լուրջ քաղաքական համագործակցության համար։
«Եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տար, ուրեմն ի՞նչ, այդ քաղաքական ուժերի համագործակցությունը պետք է դրանով ավարտվե՞ր, պետք է համարեին, որ հասել են լուրջ քաղաքական արդյունքի՞։ Սա ծիծաղելի է, աբսուրդ է»,– նշում է վերլուծաբանը։
Ինչ բացառություններ կան ինքնամեկուսացման կարգում, և ինչու ընդդիմությունը դժգոհ մնաց
Աղասի Մարգարյանի համոզմամբ` իշխանության հետ մրցակցող ընդդիմություն դեռևս չունենք, ինչը դրական արդյունք չէ։ Ըստ նրա` ընդդիմադիր դաշտում մի կողմից տեսնում ենք մերժված թիմի ներկայացուցիչներին, ովքեր փորձում են առաջնային դիրք գրավել, իսկ մյուս կողմից տեսնում ենք, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն այդպես էլ չեն կարողանում գտնել հստակ լեզու` իշխանության և ընդդիմության հետ խոսելու համար։ Արդյունքում քաղաքական բանավեճն իջել է, մեղմ ասած, շատ ցածր մակարդակի, ինչը լուրջ խնդիր է բոլորի համար։
Մարգարյանի խոսքով` իշխանության ամրությունն ու դիմակայելու ներուժը որոշվում է առողջ ընդդիմության գոյությամբ, որն այսօր, ցավոք սրտի, չունենք։