ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները և ուսանողները կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնում։ Հավաքվածները պահանջում են համալսարանի գիտական խորհրդի կողմից ընտրված ռեկտոր Դիանա Գալոյանին նշանակել իր պաշտոնում։ Ինքը Գալոյանը ակցիային ներկա չէր։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննառ այսօր չի ստորագրել դեռևս հուլիսի 17–ին ՀՊՏՀ ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանի հրամանագիրը։
«Կառավարությունը ձևավորել է խորհուրդ, խորհուրդն էլ ընտրել է ռեկտորին, բայց անցել է երկու ամսից ավելի, իսկ կառավարությունը նրան չի նշանակում ռեկտորի պաշտոնում: Դրա համար էլ կոլեկտիվը եկել է այստեղ և բողոքում է, որ բուհը չի կարող այսպես անորոշության մեջ ապրել», – ասում էին ակցիայի մասնակիցները։
Ակցիային ներկա էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը նաև ՀՊՏՀ Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչն է։
«Գալոյանը բարեխիղճ, մակարդակ ունեցող գիտնական է։ Ամիսներով ձգձգելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Պետք է կառավարությունը հստակ ասի, թե որն է խնդիրը, որ ձգձգում են», –լրագրողների հետ զրույցում ասաց Մելքումյանը։
Ակցիայի մասնակիցները հանդիպում ունեցան կառավարության` քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության ներկայացուցչի հետ, որին փոխանցեցին իրենց համատեղ հայտարարությունը։
Հիշեցնենք, որ 2018-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020-ի մայիսին ԿԳՄՍ նախարարությունը ՀՊՏՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարեց:
ՀՀ տնտեսությունն այնքան էլ վատ վիճակում չէ. որը պետք է լինի պետության միակ անելիքը
Հուլիսի 17-ին կայացած մրցույթում ՀՊՏՀ գիտական խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: Համաձայն օրենքի` կառավարությունը պետք է հաստատի պետական բուհի ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։