ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ խմբակցության պատգամավորների հետ աշխատանքային հանդիպում է եղել, սակայն խոսք չի գնացել մանդատներ վայր դնելու հարցին։
Նշենք` լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցությունից Գայանե Աբրահամյանը, Լուսինե Բադալյանը, Գոռ Գևորգյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը և այլոք առաջիկայում հրաժեշտ կտան պաշտոնին։
«Որոշ պատգամավորներն իրենք արդեն իսկ հերքել են այդ լուրերը։ Խմբակցությունում լուրջ խնդիրներ չկան, պետք է համակերպվենք այն իրավիճակի հետ, որ մենք պարբերաբար քննարկումներ ենք անում այս կամ այն թեմայի առնչությամբ»,–ասաց Մակունցը։
Հարցին, թե բացառո՞ւմ է, որ առաջիկայում մանդատը վայր դնողներ կլինեն` Մակունցը պատասխանեց, որ Հայաստանում բռնապետական կարգեր չեն, և յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում իր հետագա անելիքները։
Ալեն Սիմոնյանը պարզաբանել է` ինչու է «Իմ Քայլը» ԲՀԿ–ի հետ հուշագիր ստորագրել
Իսկ ինչ վերաբերում է լուրերին, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում է եղել և նրա հրաժարականի հարցն է քննարկվել` Մակունցը պատասխանեց, որ նոր հանդիպում չի եղել։
Հիշեցնենք, որ ըստ լուրերի` «Իմ քայլը» խմբակցության ներսում դեռևս խմորումներ են ընթանում Սահմանադրական դատարանի անդամների ընտրության հետ կապված: Մասնավորապես, նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանի ընտրության հետ կապված են անհամաձայնություններ եղել։