ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում այսօր Զվարթնոցի տաճարում աանցկացվեց ՀՀ վարչապետի «Մեր ժամանակի հերոսը» երկրորդ մրցանակաբաշխությունը։ Մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, որոնք քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։ Վարչապետի կողմից բարձր գնահատականի արժանանալով` նրանք պետք է նաև օրինակ լինեն մյուսների համար։
Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կազմակերպիչները սահմանել են նաև երկու հավելյալ մրցանակ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով ու հուլիսին Տավուշում ծավալված մարտական գործողություններով:
Առաջին հավելյալ մրցանակը հանձնելու պատիվը վերապահվեց կորոնավիրուսը հաղթահարած ՀՀ քաղաքացի Պետրոս Պետրոսյանին:
Նա մրցանակը հանձնեց «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանին՝ շնորհակալություն հայտնելով արդեն վեց ամիս օրնիբուն վարակի դեմ պայքարելու ու մարդկային կյանքեր փրկելու համար:
Հավելյալ երկրորդ մրցանակը հանձնելու պատիվը վերապահվեց Տավուշի սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչ Սամվել Ուդումյանին: Մրցանակը տրվեց ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանին:
Մրցանակաբաշխությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՆՍՕՏՏ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, քաղաքական ու մշակութային գործիչներ:
Փաշինյանը ցույց է տվել, թե ինչպես է վերականգնվում ադրբեջանական հրետանուց տուժած Այգեպարը
Հիշեցնենք՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել էր 2019թ-ին, Գյումրիում:
Մեկ տարի առաջ Սև բերդում անցկացված միջոցառմանը մրցանակներն օրվա հերոսներին հանձնել էին Հայաստանի մշակութային ու քաղաքական գործիչները։
Վարչապետի սահմանած մրցանակը խորհրդանշական գրություն ունի` «Այդ մեկ մարդը դու ես»։
Մրցանակը հայելապատ է, այն խորհրդով, որ դրանում յուրաքանչյուրը կարողանա տեսնել իրեն ու փորձել դառնալ մեր ժամանակի հերոսներից մեկը։