ՌԴ–ում դատված վարորդ Հրաչյա Հարությունյանը դարձյալ դատապարտվել է, այս անգամ` հայրենիքում

Հայաստանի քրեական դատարանի որոշմամբ` Հրաչյա Հարությունյանը տուգանվել է ու զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանում աղմկահարույց վթարի պատճառով ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանը դարձյալ դատապարտվել է, այս անգամ` Հայաստանի քրեական դատարանի կողմից։

«Ի՞նչ անեմ, կախվե՞մ». վարորդ Հրաչյա Հարությունյանին նորից են դատում. բացառիկ հարցազրույց

Դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված դատավճռի համաձայն` Հարությունյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ, զրկված լինելով վարորդական իրավունքից, դարձյալ ավտոմեքենա է վարել։

«2019 թվականի հունիս ամսից մինչ նոյեմբերի 15-ը ներառյալ, միասնական դիտավորությամբ մշտապես վարել է իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի 36 DT 018 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ»,– ասված է դատավճռում։

Հենց այդ խախտումներից էլ իրավապահներն իմացել են, որ ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված Հարությունյանը նստել է ավտոմեքենայի ղեկին և իր սեփական ավտոմեքենայով տաքսի ծառայություններ է մատուցում։ Այդ ընթացքում` 6 ամսում, նա ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 17 վարչական ակտ է ստացել։

Դատարանին Հրաչյա Հարությունյանն ասել է, որ զղջում է արածի համար։ Իսկ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էր, որ ստիպված է եղել խախտել օրենքը` ընտանիքին սովի չմատնելու համար։

«Որ չքշեմ, բա իմ տունն ո՞վ պահի։ Ես վատառողջ, հիվանդ տղա եմ, առողջությանս կեսը թողել եմ Ռուսաստանում, ուրիշ գործ չեմ կարողանում անել։ Բանվորություն չեմ կարող անել, առողջությունս թույլ չի տալիս, կրթություն չունեմ։ Սաղ կյանքս վարորդ եմ եղել, էդ է իմ մասնագիտությունը»,– ասել էր նա։

Այդուհանդերձ, դատարանը Հրաչյա Հարությունյանին դարձյալ մեղավոր է ճանաչել` այս անգամ դատապարտելով 200 000 դրամ տուգանքի, որն, ի դեպ, այդ հոդվածի համար նախատեսված նվազագույն պատիժն է։

Հրաչյա Հարությունյանը դարձյալ ամբաստանյալի աթոռին է, այս անգամ` Հայաստանում

Միաժամանակ, դատարանը Հարությունյանին զրկել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի 6 ամիս ժամկետով:

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կայացրած նոր դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020թ-ի օգոստոսին։ Եվ, քանի որ այն չի բողոքարկվել, Հարությունյանն ստիպված կլինի վճարել տուգանքն ու ևս 1.5 տարի հրաժարվել ավտոմեքենա վարելու մտքից։

Հիշեցնենք`2013թ.–ի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

ՌԴ դատարանը նրան դատապարտել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման։ 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել էր Հայաստան։ 2017 թվականի օգոստոսի 18-ին Հարությունյանի դատավճիռը ճանաչվել էր նաև ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

Հրաչյա Հարությունյանը առողջական խնդիրներ ունի և հնարավոր է` ազատվի պատժի կրումից

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընտանիքի միակ կերակրողն է, 2018թ–ի նոյեմբերի 6-ին Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ արձակվեց։