Հնագույն Սոզոպոլն ու նրա հայ զբոսավարը. «քայլող վիքիպեդիային» այստեղ բոլորն են սիրում

Բուլղարացի էքսկուրսավար Սուրեն Իսրայիլյանը զբոսաշրջիկների է տուրերի տանում հնագույն քաղաքով։ Նույնիսկ կորոնավիրուսը նրա համար խոչընդոտ չէ, իսկ հնագույն Սոզոպոլի մասին նա գիտի ոչ պակաս, քան որևէ պատմաբան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Զբոսաշրջությունն այսօր այնքան էլ շնորհակալ զբաղմունքը չէ։ Ամառը, երբ կարանտինի պատճառով զբոսաշրջիկների հոսքը գրեթե մարել էր, Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքի թանգարաններն ու սրճարաններով լի հին փողոցները դատարկվեցին։ Այդ ժամանակ քաղաքում զբոսաշրջային «նորություն» հայտնվեց` զբոսավար Սուրեն Իսրայիլյանը սկսեց անվճար էքսկուրսիաներ տանել։ Նրա մասին սկսեցին նյութեր պատրաստել տեղի պարբերականներն ու ռադիոկայանները։

Հնագույն Սոզոպոլն ու նրա հայ զբոսավարը. «քայլող վիքիպեդիային» այստեղ բոլորն են սիրում

«Նորմալ է։ Ամերիկա չեմ բացահայտել։ Անվճար տուրերի ծառայություն գործում է ամբողջ աշխարհում։ Այստեղ` Բուլղարիայում էլ կա նման բան, սակայն միայն Սոֆիայում։ Հունիսին ես սկսեցի անվճար ծառայություններ առաջարկել մեզ մոտ, Սև ծովի ափին։ Դրանից հետո իմացա, որ նման էքսկուրսիաներ արդեն կազմակերպում են Բուրգասում և Նեսեբիրում։ Սակայն կարևոր չէ` ով է առաջինը։ Որքան շատ, այնքան լավ», – ժպտում է Սուրենը։

Նման տուրեր տանում են և՛ պրոֆեսիոնալ զբոսավարները, և՛ այդ գործով սիրողական զբաղվողները (հիմնականում ուսանողները, հատկապես զբոսաշրջության ֆակուլտետներից)։ Պրոֆեսիոնալներն իրենց աշխատանքի նկատմամբ ունեցած մեծ սիրուց, իսկ ուսանողներին դա պարզապես հետաքրքիր է։ Վերջում զբոսաշրջիկները կարող են թեյավճար թողնել (խիստ ցանկության դեպքում)։

Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է

Տեղի բնակիչները շատ արագ սիրեցին հայ էնտուզիաստին։ Մեկ բաժակ սուրճի շուրջ, կամ պարզապես փողոցում նրան մոտենում են, մի րոպե ժամանակ խնդրում և իրենց քաղաքի մասին պատմություններ ու լեգենդներ պատմում։

Վերջերս Իսրայիլյանը բացահայտեց, որ այս քաղաքում ժամանակին հայեր են ապրել։ Եվ զարմանալի չէ. եթե որևէ տեղ հույներ և բուլղարացիներ կան, ինչպես հայերը կարող են շրջանցել նման հաճելի ընկերակցությունը։ Իսկ Սոզոպոլը հիմնել են հենց հին հույները, դեռևս մ.թ.ա. VII դարում, որպես Եվքսինյան Պոնտոսում իրենց գաղութներից մեկը։

Անտիկ ժամանակներում հայեր այստեղ դեռ չկային, բայց նույնիսկ բյուզանդական ժամանակներում Սոզոպոլը ծովային առևտրի կարևոր հանգույց էր: Դե իսկ Բյուզանդիայում, ինչպես այսօրվա Հունաստանում, հայերը միշտ իրենց զգում էին ինչպես տանը։ Հավանաբար, բյուզանդական ուղղափառությունը ընդունած որոշ հայ քաղկեդոնացիներ որոշել էին հիմնվել այստեղ։

Համացանցում տեղացի հայերի մասին պատմությունը բուլղարարենով է, և ավելի շուտ ներկայացվում որպես լեգենդ։ Սակայն Իսրայիլյանը կարծում է, որ գուցե դա ճշմարտությունն է, գուցե հունական աղբյուրներում այդ մասին ինչ-որ բան կա։

Դեռ վերջնական չճշտած այս պատմության համաձայն`տեղի հոգևորականները երախտագիտական գրություն են թողել հայերի մասին, որոնք ոչ միայն հարկեր էին վճարում, այլև օգնում պահպանել քաղաքային վանքերը։

Ոչ հայերի մասին, բայց ուսուցողական

Այս պատմությունը հայերի հետ կապ չունի, սակայն բավական ուսուցողական է մեզ համար (հույների և բուլղարացիների համար ևս)։ Մ.թ.ա. 72 թվականին Սոզոպոլը (որն այն ժամանակ անվանում էին Ապոլոնիա) պաշարեց և թալանեց Մարկոս Լուկուլլոսը։ Ռացիոնալ հռոմեացիները չբնաջնջեցին քաղաքի բնակիչներին, սակայն թալանեցին բոլոր տները և տարան կանանց զարդերը։ Եթե տեղացիները կարողանում են աշխատել և գումար վաստակել, ավելի լավ է նրանց ողջ թողնել և մեկ–երկու տարի անց կրկին գալ հափշտակելու` մտածեց Լուկուլլոսը։ Ծովով հետ գնալիս` նա հրամայեց ավերել բերդի պարիսպները։ Հարուստ և թույլ հակառակորդ` ուրիշ ի՞նչ կարելի է ցանկանալ։

Հնագույն Սոզոպոլն ու նրա հայ զբոսավարը. «քայլող վիքիպեդիային» այստեղ բոլորն են սիրում

Երբ պարիսպները հավասարեցրին հողին, տեղի բնակիչները` թրակիացիները, սկսեցին հարձակվել քաղաքի վրա։ Այդ ժամանակ քաղաքապետը հավաքեց բնակիչներին ու ասաց. «Առանց պարիսպների երկար չենք դիմանա, իսկ հռոմեացիները թալանել են քաղաքի գանձարանը։ Խնդրում եմ ձեզնից յուրաքանչյուրին ուժերի ներածին չափով գումար վճարել քաղաքի պատերի շինարարության համար»։ Բնակիչներից մեկը, երջանիկ պատահականությամբ, այնպես էր թաքցրել իր ունեցվածքը, որ հռոմեացիները չէին կարողացել գտել։ Երեք տարի նա գումար էր տալիս շինարարության համար։ Հնագետների վկայությամբ`քաղաքի պատերը մոտ 2 կմ երկարություն, մոտ 10 մետր բարձրություն և 2.5 մետր հաստություն ունեին։

«Պատկերացրեք`ինչքան մեծ գումար է պահանջվել այդ շինարարության համար։ Սակայն այդ մարդը գումարը չի խնայել, որովհետև եթե թշնամին գար, ոչ ոքի չէր շրջանցի։ Այդ պատճառով ճիշտ է` մեկը բոլորի համար, բոլորը` մեկի։ Շատերի համար սա միասնության օրինակելի պատմություն կարող է լինել», – ասում է Իսրայիլյանը։

Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց

Համաշխարհային առաջին պատերազմից հետո Բուլղարիայի հետ բնակչության փոխանակման ժամանակ հույները այստեղից Սալոնիկ և մերձակա քաղաքներ մեկնեցին։ Իսկ Էգեյան ծովի ափից` Սալոնիկի շրջակայքից, եկան բուլղարացիներ, որոնք այնտեղ էին ապրում դեռ Կյուրեղի և Մեթոդիոսի ժամանակներից։ Երկու երկրների մշակութային հարստությունն ու բազմազանությունը, ցավոք, փոքր–ինչ պակասել է։ Սակայն անցյալի մասին հիշողությունը դեռ վառ է։ Սոզոպոլի բնակիչներից ոմանք իրենց համարում են հույների հետնորդներ, շատերը կանոնավոր կերպով Սալոնիկ են գնում։

Ով ես և որտեղից

Ինքը` Սուրենը, ծնվել է Բաքվի Արմենիքենդում։ Այսօր Արմենիքենդն էլ այլ անվանում ունի, Բաքուն էլ բոլորովին այլ է։ Սուրենն աշխատում է կանգ չառնել այս թեմայի վրա. զբոսաշրջության մեջ ընդունված չէ խոսել քաղաքականության մասին և հարցնել, ո՞վ ես դու, ո՞րտեղից և ի՞նչ հայացքներ ունես։

Օտարերկրացի կամավորներին հիացրել է Նորավանքի ճարտարապետությունը

«Անցած տարի ինձ կանչեցին տուր վարելու։ Գալիս եմ, նստած են տատ ու թոռ։ Նայում եմ անունին` Ֆազիլյա կամ նման մի բան։ Այդ ժամանակ ես չդիմացա ու հարցրի` որտեղի՞ց է։ Պատասխանում է. «Վայ, դո՞ւք էլ եք Բաքվից։ Իսկ դուք որտե՞ղ եք ապրել»։ Պարզվեց, մենք հարևաններ ենք եղել. նա ապրել է Ինգլաբ փողոցում` Արմենիքենդին շատ մոտ։ Կինը շարժեց գլուխն ու ասաց. «Այո, այսօր այնտեղ բոլորովին այլ է...»։ Սակայն ես չշարունակեցի և շրջանցեցի թեման։ Սա զբոսաշրջություն է, մարդիկ եկել են հանգստանալու», – պատմում է Իսրայիլյանը։

Ճիշտ նույնկերպ նա մի օր հանդարտեցրեց ռուսաստանցիներին և ուկրաինացիներին, որոնք հայտնվել էին նույն` ռուսախոս զբոսաշրջիկներ խմբում։ Երեկոյան, ընթրիքի ժամանակ, քիչ էր մնում բանը ծեծկռտուքի հասներ։

«Ես նրանց ասացի. «Ժողովուրդ, սա երրորդ երկիր է։ Եթե ուզում եք, զանգահարեմ, ոստիկանները կգան։ Ձեզ դա պե՞տք է»։ Բարեբախտաբար այդքանով ամեն ինչ ավարտվեց», – պատմում է նա։

Հայ եմ ես, հայ ես դու...

Իսրայիլյանը վաղուց Երևանում չի եղել, որտեղ բազմաթիվ հարազատներ և ընկերներ ունի։ Այստեղ է ծնվել նրա մայրը, իսկ նրա քեռու աներձագը Ռոբերտ Ամիրխանյանն է։ Հորական կողմից նրա արմատները Արցախից են, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից։ Այսօր նրա բաքվեցի հարազատությունը սփռված է ամբողջ աշխարհով. ոմանք` Երևանում են, ոմանք` Մոսկվայում, ոմանք` Դորտմունդում, ոմանք էլ` Կուբայում։

Լավ կլիներ Հայաստանի հետ ամրապնդել կապերը զբոսաշրջության հարցում։ Նա ցավով նշում է, որ հանդիպումները շատ ջերմ են անցնում, սակայն համագործակցության չեն հանգեցնում։

 «Մարդիկ գրկախառնվում են, ասում. «Հա՞յ ես, ես էլ եմ հայ, ինչ լավ է, որ հանդիպեցինք»։ Լավ է։ Բայց արդյունքում, ցավոք, միասին ոչինչ չենք անում։ Իսկ դրա համար հնարավորություններ կան։ Բուլղարիայում հայերը պաշտոնապես ազգային փոքրամասնություն են ճանաչվել, և պետությունը մեր համայնքի մշակութային նախագծերի համար գումար է հատկացնում։ Հայաստանում էլ կարելի է և՛ միջոցներ, և՛ ներդրողներ գտնել։ Այսինքն` կարելի է համատեղ ծրագրեր անել և՛ մշակույթի, և՛ զբոսաշրջության ոլորտում։ Գլխավորն այդ ուղղությամբ աշխատելն է», – համոզված է Սուրենը։

Հնագույն Սոզոպոլն ու նրա հայ զբոսավարը. «քայլող վիքիպեդիային» այստեղ բոլորն են սիրում

Այժմ Իսրայիլյանի համար սեզոնի թեժ ժամանակն է։ Զբոսաշրջիկներն ուզում են լրացնել գարնանը բաց թողածը։ Բուլղարիայի սև ծովի ափ են գալիս ոչ միայն տեղացիները, այլև ԵՄ այլ երկրների զբոսաշրջիկներ։ Սոզոպոլում սեզոնն ավելի երկար կտևի. չէ՞ որ այստեղ կարելի է տարվել ոչ միայն ծովով, այլև քաղաքի պատմությամբ, այն էլ բոլորի կողմից ճանաչված այնպիսի «վիքիպեդիայի» հետ, ինչպիսին է Սուրեն Իսրայիլյանը։