ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քննություն է տարվում 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ` սեպտեմբերի 18–ին, «Շենգավիթ» ԲԿ–ում առաջին երեխային լույս աշխարհ բերելիս 30–ամյա ծննդկան էր մահացել։ Հարազատները կնոջ մահվան մեջ մեղադրում են բժիշկներին։
«Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ին, «Շենգավիթ» ԲԿ–ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հղիության 41-րդ շաբաթում բարդացած գինեկոլոգիական անամնեզ, բարդացած սոմատիկ անամնեզ, բարդացած մանկաբարձական անամնեզ և ծննդաբերության լատենտ փուլ ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 30-ամյա կինը մահացել է: Նույն օրը՝ ժամը 10:30-ին, կնոջ մահվան վերաբերյալ հաղորդում է ստացվել վերջինիս բարեկամից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասի հատկանիշներով։
Քրեական գործն ընդունվել է վարույթ: Կնոջ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է նախաքննություն:
Կորոնավիրուսի հետևանքով երկու մարդ է մահացել, այդ թվում` 46-ամյա մի կին
Հիշեցնենք, որ ԲԿ–ն էլ հաղորդագրություն էր երեկ տարածել` ասելով, որ կնոջ վիճակը ծանր է եղել, ինչի համար էլ նրան ներարկել են հակաբիոտիկ։ Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, և նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել։