Միայն 18 կաթսա հարիսա. ինչպես է նշվելու Մուսա լեռան հերոսամարտի օրը կարանտինի պայմաններում

«Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Պերճ Ղազարյանը և միության քարտուղար Վարդգես Մարտիրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել են Մուսա լեռան հերոսամարտի հերթական տարեդարձը նշելու և այդ առթիվ կազմակերպվելիք միջոցառումների մասին։
Sputnik

Պերճ Ղազարյանի փոխանցմամբ` հերոսամարտի հերթական տարեդարձին համավարակի պատճառով իրենք մուսալեռցիներին հորդորել են այս տարի հուշահամալիր չայցելել` համավարակի տարածումից խուսափելու համար։ Փոխարենը նրանք կարող են տնային պայմաններում եփել ավանդական հարիսան ու մատուցել ի հիշատակ 18 նահատակների և ի նշանավորումն հերոսամարտի հերթական` 105-րդ տարեդարձի։

Ինչպես հայերն ընտրեցին պայքարը․ Մուսալեռի 53-օրյա անհավանական հերոսապատումը

Վարդգես Մարտիրյանն իր հերթին տեղեկացրեց, որ հուշահամալիրում այս տարի կլինեն միայն պաշտոնատար անձինք, հոգևոր թեմի ներկայացուցիչներն ու ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանը, քանի որ նրանց բոլորին հղվել է պաշտոնական հրավեր։ Տեղում եփվելու է ընդամենը 18 կաթսա հարիսա, որոնց պարունակությունը բարեգործական նպատակով ուղարկվելու է առանձին հաստատություններին։ Արվելու է միայն օրհնության ծիսակատարություն։

«Մուսա լեռան հերոսամարտի խորհուրդն այն է, որ ավելի քան 5000 մարդ պաշտպանվեց և տալով ընդամենը 18 զոհ` կարողացավ փրկվել։ Հետևաբար, եթե պայքարում ես քո ազատության, իրավունքների համար, ապա անպայման հաղթում ես»,– նշում է Պերճ Ղազարյանը։ Նրա խոսքով` մուսալեռցիները հայկական Կիլիկիայի «վերջին Մոհիկաններն» են։

«Այդ հերոսամարտի առթիվ ես ավելի շատ կարևորում եմ որոշման կայացումը, որ հարակից վեց գյուղերի ավելի քան 5000 բնակիչ մեկ մարդու պես տեղահան եղավ և բարձրացավ Մուսա լեռան գագաթը` կենաց ու մահու ճակատամարտ մղելու հաստատակամությամբ։ Եթե չլիներ մեր պապերի այդ որոշումը, մենք այսօր չէին կարողանա խոսել հերոսամարտի մասին»,– նշում է Վարդգես Մարտիրյանը։

«Թուրքիայի վերջին հայկական գյուղում» պատմության ու մշակույթի թանգարան է բացվել

Բանախոսների տեղեկացմամբ` մուսալեռցիներն այսօր էլ ապրում են պահպանելով իրենց ավանդույթներն ու իրար զորակցելով, նրանց մոտ սուր արտահայտված է հատկապես պետականության զգացումը և հանրային կյանքում հաջողության հասնելու ձգտումը։ Այսօր աշխարհում ապրում է շուրջ 15 հազար մուսալեռցի, և տարբեր սերունդների ներկայացուցիչներն այսօր էլ ձգտում են պահպանել կապն ու ինքնությունը, մուսալեռցիներին բնորոշ կենցաղավարությունը։