Սկանդալ Արյունաբանականում. ինչու աղմկեցին բժիշկներն ու ինչ են անելու առանց Աննայի

Ռ․ Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրել է իր պաշտոնանկության շուրջ ստեղծված իրավիճակը, մեկնաբանել Փաշինյանի ու Թորոսյանի որոշումներն ու անդրադարձել Աննա Հակոբյանի վերջին հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Այն մասին, որ ՀՀ վարչապետն առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել իր աշխատանքային պայմանագիրը, Ռ․ Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը տեղեկացել է երեկ` ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան գրառումից։ Սամվել Դանիելյանն այսօր Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ նոր պայմանագիրը դեռ չի ստորագրվել, իսկ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 1-ին։

Արյունաբանական կենտրոնի 41 բժիշկ պատրաստվում են ազատվել աշխատանքից. դիմել են Փաշինյանին

Ի դեպ, ո՛չ իր աշխատանքից ազատման, և ո՛չ էլ պաշտոնավարումը շարունակելու հարցով Դանիելյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին չի հանդիպել, խնդիրը նրա հետ չի քննարկել։ Նրա խոսքով` պայմանագրի ավարտի մասին ծանուցումը ստացել է փոստով, ինչպես նախատեսում է օրենքը։

Ինչ վերաբերում է արյունաբանության կենտրոնի շուրջ 50 բժիշկների հայտարարությանը (տնօրենի հետ աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու մասին), Սամվել Դանիելյանն այս հարցում համամիտ չէ վարչապետ Փաշինյանի դիրքորոշման հետ, թե դա սպառնալիք էր։

Նրա բնորոշմամբ` դա բժիշկների սահմանադրական իրավունքն է, որից, վստահեցնում է` որևէ հիվանդ երեխա չէր տուժի։

«Մենք կորոշեինք` ինչպիսի կարգ սահմանեինք։ Հերթապահություններով կապահովեինք, որ ոչ մի երեխա չմնար առանց ուշադրության»,– ասաց Դանիելյանը`միաժամանակ կարծիք հայտնելով, որ եթե բուժաշխատողներն այդ քայլին չդիմեին, կառավարությունից արձագանք հազիվ թե լիներ։

Ինչ վերաբերում է կառավարության հետ առաջացած կոնֆլիկտի լուծմանը, դրա համար Սամվել Դանիելյանը կարևորում է վարչապետի հետ բուժհիմնարկի կոլեկտիվի հանդիպումը` ասելով.

Արյունաբանականի տնօրենը կշարունակի պաշտոնավարել. Փաշինյանը արձագանքել է խնդրին

«Եթե հյուրընկալի մեզ, եթե կարողանանք հանդիպում ունենալ, եթե տեսնի մեր «խոհանոցը»` ինչով ենք ապրում, ինչպես ենք ապրում, սա շատ կարևոր է, որովհետև մատուցման ձևից կախված է նաև տպավորությունը»։

Իսկ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի` «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավարումը դադարեցնելու մասին հայտարարությունը Սամվել Դանիելյանի համար իրապես անակնկալ է եղել։

«Առանց City of Smile-ի աջակցության շատ դժվար եմ պատկերացնում ամբողջ մեր գործընթացը։ Պիտի բանակցենք, տեսնենք` ինչ արդյունք կտա։ Եթե մեղավորության ինչ–որ տոկոս ունենք, ինչ–որ մասնաբաժին ունենք, մենք պետք է վերանայենք ամեն ինչ»,– ասաց Դանիելյանը։

Հարցին, թե որքանով է հնարավոր, որ Աննա Հակոբյանի որոշումը պայմանավորված լինի իր պաշտոնավարման շուրջ ստեղծված իրավիճակով, Սամվել Դանիելյանը դժվարացավ մեկնաբանել։

Արյունաբանականի ևս 13 աշխատակից ազատման դիմումներ են գրել

Անդրադառնալով արյունաբանության կենտրոնի գործունեությանը, տնօրենը նշեց, որ նախկինում ՀՀ–ում քաղցկեղով հիվանդ երեխաների առողջացումը 3 տոկոս էր կազմում, մահացությունը`97 տոկոս։ Այսօր բուժման ցուցանիշը հասել է 75 և ավելի տոկոսի։

«Սա շատ մեծ ձեռքբերում է Հայաստանի համար, իմ ամենամեծ երազներից մեկն է եղել և իրականություն է դարձել։ Հիմա Հայաստանում ոսկրածուծի պատվաստում է արվում, որը նույնպես իմ երազների մեջ է եղել և այսօր իրականություն է» ,– ասաց նա։

Սկանդալ Արյունաբանականում. ինչու աղմկեցին բժիշկներն ու ինչ են անելու առանց Աննայի

Հիշեցնենք` Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ որոշում է կայացվել լուծել արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը։ Հաջորդ օրը հիվանդանոցի 41 աշխատակից նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որոշումը վերանայելու խնդրանքով։ Նրանք սպառնում էին հակառակ դեպքում աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել։

Մեկ օր անց նրանց միացան ևս 13 աշխատակիցներ և ՀՀ մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը, որը ևս ազատման դիմում էր ներկայացրել։

«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը

Երեկ` սեպտեմբերի 17-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Դանիելյանը կշարունակի պաշտոնավարել և որ ինքն առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել նրա հետ աշխատանքային պայմանագիրը։

Գրեթե միաժամանակ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ դադարեցնում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները` հույս հայտնելով, որ քաղցկեղով հիվանդ երեխաները կմնան հուսալի և ապահով ձեռքերում։