«Ռուսական երկաթուղիներից» հաստատել են` ՀԿԵ–ի շուրջ բոլոր տարաձայնությունները վերացվել են

«Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենի առաջին տեղակալը վստահեցրել է, որ ընկերությունն աշխատում է կայուն, հաջող, եկամտաբեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. «Ռուսական երկաթուղիները» կատարում են Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիոն պայմանագրի բոլոր պարտավորությունները, բոլոր տարաձայնությունները կարգավորվել են։

ՀԿԵ–ն լուծում է առաջարկում սեպտեմբերին բեռնափոխադրման խնդիրները բացառելու համար

Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ռուսական ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։ 

Ինչպես նշել է Պավլովը, ընկերությունն աշխատում է կայուն, հաջող, եկամտաբեր, կոնցեսիոն պայմանագրի համապատասխան։ Բոլոր խոստացած ներդրումները, ըստ նրա, կատարվել են ողջ ծավալով` 101%–ով։

«Բոլոր հարցերը կարգավորվել են, որևէ անհամաձայնություն կամ չպարզված տարաձայնություն չունենք», – ընդգծել է նա։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Լավրովը հուսով է` Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան կարգավորել ՀԿԵ–ի հարցը

2018 թվականին ՀՀ ՔԿ–ն քրեական գործի շրջանակում հետաքննել է ՀԿԵ–ի 10 տարվա գործունեությունը։ 2019 թվականի սեպտեմբերին ՌԴ տրանսպորտի նախարարությունում հայտնեցին, որ մշակվում է Հայաստանի երկաթուղու կառավարման մասին պայմանագրի վաղաժամ լուծման տարբերակը։ Սակայն 2020 թվականի սեպտեմբերին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, որ Ռուսաստանի և Հայաստանի տրանսպորտային գերատեսչությունները կարգավորել են ՀԿԵ գործունեության շուրջ բոլոր տարաձայնությունները։