Ավելի շուտ կարելի է ասել, որ այդ երկիրը ոչ թե դուրս է եկել, այլ արդեն որերորդ տարին է շարունակում է դուրս գալ Եվրամիությունից, որովհետև ժամանակին, երբ ստեղծվում էր եվրոպական այդ կառույցը, նախատեսված չէր դրանից դուրս գալու հստակ մեխանիզմը, և հիմա ամեն ինչ առաջին անգամ է կատարվում։
Իհարկե, այսպես կոչված «Բրեքզիտը» արտառոց երևույթ է, բայց խոսքն այդ մասին չէ. դա եթե կարելի է այդպես ասել՝ մասնավոր դեպք է։ Խոսքն այն մասին է, որ վերջին տարիներին սասանվեց Եվրամիության գլխավոր, հիմնարար սկզբունքներից մեկը՝ սահմանների թափանցիկությունը։ Չէ որ Եվրամիության շրջանակներում գոյություն ունի Շենգենյան գոտին, որն ամրագրում է պետական սահմանների գրեթե իսպառ բացակայությունը, երբ, ասենք, Բեռլինից գիշերով Փարիզ գնալիս, եթե քնած ես, չես էլ զգա, որ արդեն ոչ թե Գերմանիայի, այլ Ֆրանսիայի տարածքում ես։
Ավելին՝ Դանիայի բնակիչները շաբաթավերջին նստում են լաստանավ, մոտ 20 րոպեում հասնում Շվեդիա, որտեղ ուտելիքը ավելի էժան է, գնումներ կատարում այնտեղ ու վերադառնում Դանիա, որն աշխարհի ամենաթանկ երկրներից է։
Մեծ զեղչեր ուսանողների և թոշակառուների համար. կունենա՞նք նման տրանսպորտային համակարգ
Մի քանի տարի առաջ պարզվեց, որ եվրոպական սահմանների թափանցիկությունը բավական խախուտ բան է և կարող է վերանալ մեկ օրում, եթե պարզվի, որ այսինչ երկրի իշխանությունները որոշել են պարզապես փակել հարևան պետության հետ սահմանը։ Երևի հիշում եք, թե դա ինչու պատահեց։
Պատճառը Սիրիայի պատերազմն էր, երբ տասնյակ հազարավոր մարդիկ՝ փախստականներ, ճանապարհ ընկան դեպի Եվրոպա։ Ընդ որում չէին ուզում մնալ, ասենք, Բուլղարիայում, որը Եվրամիության ամենաաղքատ երկրներից մեկն է և փախստականներին ընդունելու բացարձակ որևէ մտադրություն չուներ։ Բոլորը ուզում էին հասնել Գերմանիա, որի իշխանությունները ոչ միայն Սիրիայից, այլև այլ երկրներից՝ Լիբիայից, Աֆղանստանից եկած փախստականներին, կարելի է ասել, գրկաբաց էին ընդունում։ Պարզապես մի հատված ներկայացնեմ այն ժամանակ պատրաստած իմ նյութից։
«Չեք հավատա, բայց արտառոց փաստեր կան: Գերմանիայում գոյություն ունի մի փոքրիկ գյուղ՝ Սումտե է կոչվում, մեր բազմաթիվ լքված գյուղերի նման է՝ ընդամենը 102 մարդ է ապրում, ոչ խանութ կա, ոչ փոստի բաժանմունք: Եվ Գերմանիայի իշխանությունները որոշել են այդ գյուղում ապաստան տալ 750 ներգաղթյալի: Պատկերացնում եք՝ բնիկները՝ գերմանացիները 102 հոգի են և շուտով նրանց կողքին ապրելու է 750 մարդ Սիրիայից, Աֆրիկայից, Աֆղանստանից և այլ հեռավոր վայրերից: Ու պետությունը բոլորին տեղավորելու է, ապահովելու է սնունդով և բժշկական սպասարկմամբ: Ու նրանցից ոչ մեկը Գերմանիա մտնելու իրավունք չունի: Բոլորը անօրինական են», փաստել էի այն ժամանակ։
«Դուք էլ դա կարող էիք, բայց ես արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը
Հիմա եվրոպական սահմանները կրկին փակվում են կամ արդեն փակվել են։ Այս անգամ կորոնավիրուսի պատճառով։ Մարտից սկսած եվրոպացիներն այլևս չեն կարողանում ազատորեն հատել սահմանը։ Ընդ որում իրավիճակը երբեմն բավական տարօրինակ է՝ ոչ թե երկու հարևան պետություններ են փակել իրենց սահմանները, այլ մեկը փակել է, մյուսը՝ ոչ։
Այսինքն՝ այս երկրից այն երկիր կարող ես հանգիստ գնալ, բայց այն երկրից այս երկիր չես կարող։ Մասնագետները փորձում են հասկանալ՝ արդյոք այս ամենն օրինական է։ Ոմանք ասում են՝ այո, օրինական է, որովհետև Եվրամիության փաստաթղթերում ամրագրված է՝ եթե որևէ պետություն գտնում է, որ իր անվտանգությունը հարցականի տակ է, կարող է փակել իր սահմանները 30 օրով և հետո երկարացնել այդ ժամկետը, բայց ոչ ավելի, քան կես տարով։
Ախր հիմա, հենց այս օրերին լրանում է այդ կես տարին։ Բա ինչ պիտի անեն եվրոպացիները։ Շատ ճիշտ եք՝ քանզի մեզ մինչև հիմա թույլ չեն տալիս ազատորեն, առանց վիզայի մտնել Եվրոպա, ինչ ուզում են՝ թող անեն։