Տնտեսագետ Հայկ Բեջանյանի դիտարկմամբ` թեև հաճելի է վարչապետից լսել տնտեսության կառավարելի մակարդակում գտնվելու գնահատականը, բայց այս պահին ունենք ամփոփված ութ ամիսներ, որոնց արդյունքները, մեղմ ասած, ոգևորիչ չեն: Կա հսկայական տնտեսական անկում, որը կարող է շարունակվել մինչև տարեվերջ: ըստ մասնագետի՝ լավագույն սպասումը, որ ունենք այս իրավիճակում, կառավարության ներկայացրած պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմքում դրված 2,5 տոկոսանոց տնտեսական անկումն է։
«Ասել, որ 2,5 տոկոսանոց անկումը ճգնաժամ չէ և տնտեսությունը կոլապս չունի, ճիշտ չէ, որովհետև անկումն ակնառու է, բայցևայնպես, կոլապս բառը կարելի է օգտագործել մի փոքր վերապահումով։ Անկումն անխուսափելիորեն անդրադառնալու է ՀՆԱ–ի և դրանից գեներացվող հարկային եկամուտների վրա։ Որքան փոքր է անվանական ՀՆԱ–ն, այնքան բնականաբար ավելի քիչ են լինելու հարկային եկամուտները, ինչն էլ կբերի մեր պարտքի բեռի ավելացման»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:
Բեջանյանի կարծիքով` երբ համավարակը նոր էր թափ առնում, շատ տնտեսագետներ ու վերլուծական կենտրոններ նույնիսկ երկնիշ տնտեսական անկում էին կանխատեսում։ Նրա հաշվարկով տարվա կտրվածքով կունենանք 5-6 տոկոսանոց տնտեսական անկում։ Տնտեսագետն այդ առումով կիսում է նաև ԿԲ նախագահի՝ բազային տնտեսության անկման ցուցանիշի վերաբերյալ հնչեցրած տեսակետը։
ՊԵԿ–ը հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել
Անդրադառնալով կապիտալ ծախսերին` Բեջանյանն ընդգծում է, որ դրանց կատարողականն ապահովելը հեշտ գործ չէ, որովհետև եթե սոցիալական ծախսերի համար ավելացվում է ֆինանսավորումը, ապա կապիտալ ծախսերի իրականացման համար անհրաժեշտ են որոշակի ենթակառուցվածքներ ու նախապատրաստական աշխատանքներ։
Նրա խոսքով` վերջին տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր տնտեսության համար կապիտալ ծախսերի կլանման շեմը, ծավալը մոտավորապես կազմում է ՀՆԱ–ի 4 տոկոսը և այդ ցուցանիշին մոտենալու ու դրանից ավել ցուցիչ կազմակերպելու համար անհրաժեշտ է իրականացնել բավականին լուրջ տնային աշխատանք ոչ միայն ներկա, այլև գալիք տարիների կտրվածքով, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել ավելի բարձր կատարողական։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ճիշտ է՝ կորոնավիրուսը բերել է սոցիալական ու տնտեսական դժվարություններ, բայց սոցիալական ու տնտեսական կոլապսի մասին կանխատեսումները չեն իրականանալու: Վարչապետը նաև հավաստիացրել էր, որ տնտեսական իրավիճակը երկրում կառավարելի է: