ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Չնայած Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտությանը, «Արարատ-Արմենիան» շարունակում է մասնակցել Եվրոգավաթների խաղարկությանը: Դավիդ Կամպանյան, որի գլխավորությամբ Հայաստանի առաջնությունում «Արարատ-Արմենիան» առայժմ հաղթանակ չունի, կարծում է, որ վաղվա իրենց մրցակիցը` Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլան», ֆիզիկապես շատ ամուր թիմ է:
«Մրցակցի կազմում շատ են ատլետիկ կառուցվածքով ու բարձրահասակ ֆուտբոլիստները, որոնք իրենց ներքին առաջնությունում տոն են ստեղծում: Ինձ թվում է, որ հյուրերը Երևանում կխաղան պաշտպանությունից` հաճախ դիմելով հակագրոհների»,–նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան:
Գլխավոր մարզիչը, հաշվի առնելով թիմի ոչ այնքան հաջող ելույթները վերջին խաղերում, գտնում է, որ միգուցե ֆուտբոլիստների մոտ հոգեբանական որոշակի ընկճվածություն կա։ «Ֆիզիկապես մեր թիմը շատ լավ է պատրաստ: Բայց հոգեբանորեն տղաներին հարկավոր է մի փոքր աջակցել: Հաղթանակը վաղվա խաղում շատ կարևոր է մեզ համար հենց հոգեբանական առումով, ու ես գտնում եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում ու խաղից խաղ բարելավելու ենք մեր խաղային որակները: Հուսով եմ այդ ճանապարհին մեզ կօգնի հաղթանակը «Ֆոլայի» նկատմամբ»,- ավելացրեց Կամպանյան:
Սերգեյ Վակուլենկոն, որը «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է, խոստանում է վաղը հուսախաբ չանել։
Մխիթարյանը «Ռոմայի» կազմում երրորդ անընդմեջ գոլն է խփել. տեսանյութ
«Չնայած նրան, որ վերջին խաղերում մեր թիմը լավ արդյունքների չի հասել, առաջիկա խաղին ես գտնում եմ, որ մենք պատրաստ ենք և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Մարզչական կազմը մեզ արդեն ներկայացրել է առաջիկա մրցակցի ուժեղ և թույլ կողմերը», - ասեց Վակուլենկոն:
Հիշեցնենք, վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելու է Լյուքսեմբուրգի «Ֆոլա» թիմին: «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգի «Ֆոլայի» նկատմամբ հաղթանակի հասնելու դեպքում «Արարատ-Արմենիան» սեպտեմբերի 24-ին Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում կհյուրընկալի Սլովենիան ներկայացնող «Ցելե» թիմին: