Հայերի ոսկիների հետևից. թուրք լրագրողը գրում է գերեզմանների դեմ պայքարող ասկյարների մասին

Անկարայում հայկական գերեզմանատանը կատարված վերջին բարբարոսության ֆոնին լրագրող Ուզայ Բուլութը հիշեցրել է հարյուրավոր և հազարավոր հայերի, հույների, եզդիների և հրեաների սրբապղծված շիրմաքարերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Թուրք ասկյարները մինչև վերջ են գնում, երբ պայքարում են գերեզմանների դեմ։ Սակայն հենց վայրագ ասկյարները, այլ ոչ թե բոլոր թուրքերը։ Նրանցից ոմանք բացահայտ կերպով հանդես են գալիս ի աջակցություն հայերի, հույների, ասորիների և այլ ժողովուրդների, որոնց Թուրքիայում փորձում են ասիմիլացնել։

Մտավորական, ակտիվիստ Ռագըպ Զարաքօլուի նման ոմանք զրկվել են ազատությունից  ճշմարտությունը բարձրաձայնելու համար, մյուսները, ինչպես օրինակ` լրագրող Ուզայ Բուլութը, այդ մասին գրում են արտերկրից։ The American Conservative պարբերականի նրա հոդվածները վերատպել է նաև բուլղարական «Поглед» պարբերականը։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

Նա հիշեցրել է Անկարայում հայկական գերեզմանատան վերջին սրբապղծությունը, որի մասին բարձրաձայնեց մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

Բուլութը գրում է, որ այս գերեզմանատունն առաջին անգամը չէ, որ ավիրում են «հայերի ոսկիների» հետևից ընկած գանձագողերը։ Սա Թուրքիայի պատմության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ նմանատիպ դեպքերից մեկն է։

Նա հիշեցնում է, որ փետրվարին ոչնչացվեցին Անկարայի մեկ այլ քրիստոնեական գերեզմանի 72 շիրմաքարերից 20-ը։ Եվս մեկը ոչնչացրեցին Տրապիզոնի (հունական քաղաք, որը Թուրքիայում խեղաթյուրված անվանում են Տրաբզոն - խմբ.) Աստվածածին կաթոլիկ եկեղեցում:

Նման «մարտեր» են ընթանում ոչ միայն քրիստոնյաների, այլև հնարավոր բոլորի դեմ։ Մարտին պղծվել էր Թուրքիայի հարավ–արևելքում գտնվող Մարդին քաղաքի Նուսայբին թաղամասի (որտեղ մինչ օրս բնակվում են եզդիներն ու ասորիները) 300 տարվա հին գերեզմանատունը։ Կոտրել էին արևի և սիրամարգի պատկերով (եզդիների կրոնի խորհրդանիշ) մարմարե սալիկները։ Մեկ ամիս անց պղծվել էր ալևիտների գերեզմանատունը։

Երբ նրանք բողոք ներկայացրին ոստիկանություն, պատասխանեցին, որ «սա առաջին հարձակումը չէ, մեղավորներին կփորձեն գտնել»։

2019 թվականի փետրվարին սրբապղծվեց Գազիանթեփ քաղաքի հրեական գերեզմանոցը։ Նման հարձակում տեղի էր ունեցել նաև 3 տարի առաջ` 2016 թվականին։ Այստեղ ոչ միայն հրեաներ են թաղված, այլև հայեր ու մուսուլմաններ։

Թուրքիայում չեն պատժում գերեզման պղծողներին, նրանց հետաքրքրում է հարցի առեղծվածային կողմը

Մեկ այլ դեպք էլ ցույց է տալիս, որ ճիշտ նույնկերպ են վարվում ոչ միայն վաղուց Աստծուն հոգին տվածների, այլև ողջերի հետ։ Միխո Իրակը, որը Թուրքիայում ապրող ասորի էր, մահացել է Բելգիայում 77 տարեկանում։ Իրակն ամբողջ կյանքը անդամավճար է վճարել Թուրքիայի կրոնական գործերով վարչությանը, որպեսզի մահից հետո նրա մարմինը հուղարկավորեն հայրենիքում։ Սակայն վարչությունը, տեղեկանալով, որ Միխո Իրակը քրիստոնյա է, հրաժարվել է իրականացնել նրա վերջին ցանկությունը։ Նրա ընտանիքն իր ուժերով է տեղափոխել Իրակի մարմինը։

Ստամբուլում 1955 թվականի հունական ջարդերի ժամանակ ջարդարարները ոչ միայն հարձակվում էին բնակիչների վրա, այլև ավերում քաղաքի ուղղափառ գերեզմանատները։

«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները

Այն հողի վրա, որտեղ այսօր գտնվում է Թուրքիան, ժամանակին ապրել ու այդ հողի տերերն են եղել բնիկ քրիստոնյաները։ XIX դարում հույները, հայերն ու ասորիները կազմում էին բնակչության մոտ 20%–ը։ 1924 թվականին, Ցեղասպանության և բռնի տեղահանության մի քանի ալիքներից հետո, նրանց թիվը նվազեց և հասավ 2%–ի։ Այսօր Թուրքիայում քրիստոնյաներն ու հրեաները միասին կազմում են բնակչության շուրջ 0,2%–ը։ Եվ հիմա` 21-րդ դարում, ոչ մուսուլմանները Թուրքիայում չեն կարող նույնիսկ խաղաղությամբ հանգչել։ Այսպես է իր հոդված եզրափակում Ուզայ Բուլութը։