Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասն ազատվեց կալանքից

Որոշումը հրապարակվել է փակ դռների հետևում, մանրամասները հայտնի չեն։ Դատական նիստը շարունակվումէ արդեն դռնբաց ռեժիմով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշում է կայացրել կալանքից ազատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Քոչարյանի փաստաբանների թիմի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան։

Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է. ի՞նչ են քննում փակ դռների հետևում

Որոշումը հրապարակվել է փակ դռների հետևում, մանրամասները հայտնի չեն։ Դատական նիստը շարունակվում է արդեն դռնբաց ռեժիմով։

Դատարանը սեպտեմբերի 8-ին բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը` դռնփակ ռեժիմով քննելու ամբաստանյալի գույքն ամբողջությամբ կալանքից ազատելու հարցը։

Մարտի 1-ի դատավարությունն ընդհատվել էր օգոստոսի սկզբին փաստաբաններից մեկի արձակուրդի պատճառով։

Ընտրել են նրանց, ովքեր պատրաստ են Մարտի 1-ի մեղքը բարդել Քոչարյանի վրա. փաստաբան

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությամբ: Նրա դեմ գործը հարուցվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։

Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։