Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ–ի հիմնական գործիքն է ֆինանսական շուկայի, գնաճի, դրամի արժեզրկման և ողջ ֆինանսական համակարգի ու տնտեսության վրա ազդելու գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ գործող 4.5%-ի փոխարեն սահմանելով 4.25%: Ինչպես հայտնում են ԿԲ լրատվական ծառայությունից, համապատասխանաբար նվազեցվել են նաև այլ վերաֆինանսավորման տոկոսադրույքները։

Հայաստանում «ապահովագրված» բանկային ավանդների գումարի շեմը կբարձրացվի մինչև 16 մլն դրամ

Այսպես. Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 5.75%, Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%:

Բանն այն է, որ առևտրային բանկերը հարկ եղած դեպքում երբեմն իրենք էլ ստիպված են լինում վարկ վերցնել Կենտրոնական բանկից` որպես վերջին ատյանի վարկատու։ Ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքը վարկի գինն է, այսինքն` այն տոկոսադրույքը, որով բանկերը վարկային միջոցներ են վերցնում կարգավորիչից։ Այս դեպքում, փաստորեն, ԿԲ–ն նվազեցրել է բանկերին տրամադրվող գումարների տոկոսադրույքները, ինչը նշանակում է, որ առևտրային բանկերը քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսներն ավելացնելու կարիք չեն ունենա։

Կուտակումներն անթույլատրելի են. Կենտրոնական բանկը հերթերի դեմ պայքարի ձևեր է փնտրում

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նաև ԿԲ–ի հիմնական գործիքն է ֆինանսական շուկայի և ողջ տնտեսության կարգավորման գործում։ Այդ տոկոսադրույքի բարձրացման կամ նվազեցման միջոցով ԿԲ–ն ազդում է նաև գնաճի վրա։

Երբ դրամն արժեզրկվում է, ԿԲ–ն գնաճը զսպելու նպատակով բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Տվյալ պարագայում, փաստորեն, ԿԲ որոշումից կարելի է ենթադրել, որ Հայաստանում գնաճի խնդիր չկա և դրամի արժեզրկում տեղի չի ունեցել։

Ի դեպ, ԿԲ որոշման մասին ավելի հանգամանալից ԿԲ նախագահը մեկնաբանություններ կներկայացնի այսօր` 15։30-ին հրավիրված մամուլի ասուլիսում։

ՀՀ կենտրոնական բանկը հավաքում է «կորոնավիրուսոտ» փողերը