Հերթական հրաժարականը. Մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավարն ազատման դիմում է գրել

Հրաժարականի պատճառը Գևորգ Թամամյանը մեկնաբանում է ոլորտի մեկ այլ մասնագետի աշխատանքից ազատելու որոշմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանն ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ում կատարած գրառմամբ։

Թամամյանի կարծիքը կիսում են շատ բժիշկներ. Շուշան Դանիելյանը պատասխանում է Արսեն Թորոսյանին

Ի դեպ, նա նաև հայտնում է, որ հրաժարվել է ոչ միայն տնօրենի պաշտոնից, այլև ընդհանրապես Արյունաբանական կենտրոնում մանկական ուռուցքաբան-արյունաբանի հետագա աշխատանքից:

«Որոշմանս պատճառ է հանդիսացել այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է սույն թվականի հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը որպես պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն: Հպարտ եմ և երջանիկ, որ ինձ կարող եմ համարել բժիշկ Դանիելյանի աշակերտը, ում օրինակով տարիներ առաջ ընտրեցի մանկական ուռուցքաբան-արյունաբանի մասնագիտությունը»,– գրում է Թամամյանը։

Երկու էլիտար հարսանիք. մեկը` վերջերս փոթորիկ առաջացրած Գևորգ Թամամյանինն է. «Հրապարակ»

Նա նաև նշում է, որ 2018թ-ին Սամվել Դանիելյանի` Հայաստան վերադառնալու ու Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու որոշումը համարել և համարում է հեղափոխության լավագույն ձեռքբերումներից մեկը, ինչը թույլ տվեց համախմբել և միավորել ամբողջ ոլորտը:

«Վերջին երկու տարիների ընթացքում ահռելի աշխատանք կատարվեց արյունաբանության և մանկական ուռուցքաբանության բնագավառում և համոզված կարող եմ ասել, որ այդ զարգացումն այլևս անշրջելի է»,– նշում է Թամամյանը։

Նա նաև շնորհակալություն է կազմում այդ զարգացման մաս կազմած բոլոր անձանց, իսկ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի թիմին խնդրում է նույն կերպ շարունակել այն բոլոր զարգացման ծրագրերը, որոնք նպաստելու են ևս մեկ երեխայի առողջացմանը: