ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Եղեգիս գետի 17 փոքր ՀԷԿ–երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն։
Հաշվի առնելով Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի վիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրությունը՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ սեղմ ժամկետներում կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ։
«Առաջնահերթ կուսումնասիրվեն գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները։ Բացի այդ, պետք է հստակեցվի փոքր ՀԷԿ–ների կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Պետրոսյանի կողմից տրվել է հանձնարարություն՝ ապահովել բնապահպանական թողքի երաշխավորված ծավալի սահմանաչափը։ Ինչպես նաև նախարարը հանձնարարել է ներկայացնել վերոհիշյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրական նախագիծ՝ էկոթողքի վերահսկողություն սահմանելու համար։
Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավվելու են ինչպես Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, այնպես էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
Իրանը 10-15 տարվա ընթացքում կգնի Մեղրի ՀԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ բնապահպանների կողմից կասկածներ են հնչել, որ գետի վրա կառուցված ՀԷԿ-երը սնուցվում են Սևանա լճի համար նախատեսված ջրերով՝ շահույթներ ապահովելով դրանց սեփականատերերին։
Բնապահպաններն ահազանգում են նաև, որ ՀԷԿ–երի գործունեության հետևանքով ամռանը Եղեգիսն այնքան է ցամաքում, որ առվակի տպավորություն էլ չի թողնում։