ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը 2019-2020 թվականների ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 5 անձանց հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի հնոցապանի, համակարգչային օպերատորի, էլեկտրագետի, սպասարկողի, ցրիչի հաստիքներում։ Նրանք աշխատանքի չեն հաճախել, աշխատանքային պարտականություններ չեն կատարել, բայց ոչ միայն աշխատավարձեր են ստացել, այլև պարգևավճարներ։
Այս բացահայտումներ արվել են ՀՀ ԱԱԾ–ում կատարված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում։
Նախաքննական մարմնի հաշվարկով` պետական բյուջեից 7.348.576 ՀՀ դրամի գումար է վճարվել: Բացի այդ աշխատակիցներից երկուսի` Գ. Ժ.-ի և Վ.Վ.-ի աշխատավարձի վճարման բանկային քարտերը գտնվել են աշխատակազմի ղեկավարի տրամադրության տակ և նա վերջիններիս անվամբ փոխանցված 3.638.425 դրամն անձամբ է կանխիկացրել բանկոմատներից ու ծախսել իր անձնական կարիքների համար։ Մնացած 3.710.151 դրամը տնօրինվել է Կ. Գ.-ի, Ե. Մ.-ի և Ա. Կ.-ի կողմից։
2020 թվականի հուլիսի 29-ին ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
Աշխատակազմի ղեկավարն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ՝ ամբողջությամբ հատուցելով նաև պետությանը պատճառված վնասը:
ԱԱԾ–ն բերման է ենթարկել Վերաքննիչ պալատի նախկին ղեկավարին, հետո ազատ արձակել
Նրա պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է:
2020 թվականի սեպտեմբերի 14-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։
ԱԱԾ–ից նաև հայտնում են, որ գործի նախաքննության ընթացքում միջնորդագիր է ուղարկվել ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմում նույնաբնույթ խախտումները վերացնելու, դրանց պատճառները պարզելու և խախտումներ թույլ տրված անձանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու առաջարկությամբ: