Կապիտալ ծախսերը դարձյալ թերակատարվել են. ԿԲ–ն հաստատում է խնդրի առկայությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ` սեպտեմբերի 14-ին, քննարկվել էր 2020թ. բյուջեով, նաև վարկային ու դրամաշնորհային միջոցներով իրականացվող կապիտալ ծախսային ծրագրերի միջանկյալ կատարողականը: Պաշտոնական հաղորդագրության մեջ, սակայն, թվային ցուցանիշներ չեն հրապարակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կապիտալ ծախսերի հետ կապված խնդիրը շարունակում է արդիական մնալ և դա մտահոգում է նաև ՀՀ ԿԲ–ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Բյուջեի կապիտալ ծախսերն աննախադեպ թերակատարվել են». Ավետիսյան

«Մենք կառավարության գործընկերների հետ հանդիպումների ընթացքում դա բարձրաձայնում ենք ու փորձում ենք օժանդակել այդ ծախսերն ավելացնելու, ծախսերի որակը, արագությունն ու թափանցելիությունը դեպի տնտեսություն ավելացնենք»,– ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը հույս հայտնեց, որ աշնանը ևս կառավարությունը որոշ ծրագրեր կիրականացնի, որոնք կխթանեն նաև կապիտալ ծախսերի իրականացումը։

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2020թ–ի առաջին կիսամյակի համար ծրագրված 100 մլրդ կապիտալ ծախսային ծրագրերից իրականացվել է 40 տոկոսից փոքր–ինչ ավելին։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ` սեպտեմբերի 14-ին, քննարկվել էր 2020թ. բյուջեով, նաև` վարկային ու դրամաշնորհային միջոցներով իրականացվող կապիտալ ծախսային ծրագրերի միջանկյալ կատարողականը: Պաշտոնական հաղորդագրության մեջ, սակայն, թվային ցուցանիշներ չեն հրապարակվել։ Մինչդեռ, ոչ պաշտոնական վերլուծություններով, 2020թ. առաջին կիսամյակում շինարարության ոլորտի կապիտալ ծախսերը կրճատվել են 49 տոկոսով։ Իսկ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում 2019թ. առաջին կիսամյակի համեմատ անկումը գրանցվել է 36 տոկոսի մակարդակում։

Նշենք, որ կապիտալ ծախսերը Հայաստանում թերակատարվել էին նաև 2019թ–ին։ Թերակատարման ցուցանիշն անցյալ տարի կազմել էր շուրջ 60 %։