ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանում ավելի քանի 5000 տնտեսվարող սուբյեկտ է ժամանակավոր փակվել հակահամաճարակին կանոնների խախտման համար։ Տեղեկությունն այսօր Ազգային ժողովում հայտնել է կառավարությանը կից Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։
«Բոլոր տեսչական մարմինները շարունակում են աշխատանքը կորոնավիրուսի դեմ պայքարում։ Մինչ օրս իրականացվել է մոտ 81 հազար ստուգում, որոնց արդյունքում կանգնեցվել է մոտ 5300 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը»,-ասել է Ասոյանը։
Նրա խոսքով՝ հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում դրական միտում է նկատվում։ Եթե հունիսին ընկերությունների մոնիթորինգի արդյունքում խախտումներ էին հայտնաբերվում տնտեսվարող սուբյեկտների 13 տոկոսում, ապա հուլիսին այս ցուցանիշը եղել է 4 տոկոս, իսկ օգոստոսին՝ 3 տոկոս։
Տեսչական ստուգումներ են արվում նույնիսկ գիշերները. պարետը ներկայացրել է արդյունքը
Կարանտինի ընթացքում ընկերությունների գործունեությունը չի կանգնեցվի, սակայն խախտումների դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ (սկզբում նախազգուշացում, այնուհետև տուգանքներ` սկսած 100 հազար դրամից)։
Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 11-ը արտակարգ դրություն էր գործում։ Այժմ հայտարարված է կարանտին, որը կտևի մինչև 2021թ․-ի հունվարի 11-ը։ «Դիմակային ռեժիմը» շարունակում է ուժի մեջ մնալ։
Ստուգումներ հանգստյան տներում. 5 հյուրանոցի գործունեություն արդեն կասեցվել է