Ալեն Սիմոնյանը բացառում է Հրայր Թովմասյանի ընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում

Խորհրդարանի փոխխոսնակը չի կարծում, թե ՍԴ կազմի փոփոխությամբ դատական համակարգում առաջացած ճգնաժամը հաղթահարված է, բայց և վստահ է՝ ամենակարևոր քայլն արվել է, որին հետևելու են հաջորդները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը բացառում է Սահմանադրական դատարանի նոր կազմի կողմից ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի ընտրության հավանականությունը։ Սիմոնյանը նման կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում` հավելելով, որ իր համոզմունքը ձևավորված է բացառապես տրամաբանության վրա։

Ազգային ժողովում ավարտվեց ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը. արդյունքները հայտնի են

«Որովհետև ճգնաժամ է տեղի ունեցել, և ճգնաժամի հետևանքով մենք հիմա նոր դատավորներ ենք նշանակել։ Տրամաբանությունն այն է, որ այդ ճգնաժամը ստեղծվել էր նաև այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը հայտնվել էր ՍԴ նախագահի աթոռին այստեղից (ԱԺ–ից) և տարբեր–տարբեր պատճառներով»,– ասաց Սիմոնյանը։

Խորհրդարանի փոխխոսնակը չի կարծում, թե ՍԴ կազմի փոփոխությամբ դատական համակարգում առաջացած ճգնաժամը հաղթահարված է, բայց և վստահ է, որ դրանով ամենակարևոր քայլն արվել է, որին հետևելու են հաջորդները։

ԱԺ փոխնախագահը հերքեց այն լուրերը, թե ՍԴ նորընտիր դատավորների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՍԴ նախագահի ընտրության հարցում։

Ինչպե՞ս է ստացվել, որ ՍԴ դատավորի թեկնածուի բանկային մուտքերը գերազանցում են եկամուտները

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչն է պատճառը, որ «Իմ քայլն» այս անգամ ընտրեց ՍԴ դատավորի պաշտոնում ՀՀ նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանին, որին նախորդ անգամ մերժել էր։ Սիմոնյանը վստահեցրեց, որ «Իմ քայլի» որոշման վրա ազդել է թեկնածուի այս անգամվա ելույթը, որն ավելի համոզիչ է եղել, քան նախորդը։

Հիշեցնենք` ԱԺ–ն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց ՍԴ դատավորների թափուր պաշտոններում առաջադրված բոլոր թեկնածուներին։

ՍԴ թեկնածուներն ԱԺ–ում կեղծ տվյալներ են հրապարակել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանն ստացավ 84 կողմ, 2 դեմ ձայն, ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանը` 86 կողմ, 1 դեմ, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածու Երվանդ Խունդկարյանը`85 կողմ, 3 դեմ:

ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 88–ը։

«Նախորդ անգամ բոլոլա չսարքեցի, չէ՞». ՍԴ դատավորի թեկնածուն որոշել է հաշտարարի դեր կատարել

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը` այդ գործընթացը հակասահմանադրական համարելով։