Հայաստանը պատվաստանյութի ձեռքբերման համար բանակցում է ՌԴ–ի հետ. նախարարություն

Հայաստանում հիվանդության որոշակի անկում է նկատվում, սակայն երկրորդ ալիք է սպասվում։ Այդ պատճառով պատվաստանյութի ձեռքբերման մասին խոսակցություններն այժմ շատ արդիական են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի և այլ երկրների հետ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ գնելու համար։ Sputnik Արմենիայի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկությունը հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«ՀՀ–ն այս պահին բանակցություններ է վարում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ պատվաստանյութ արտադրող այլ երկրների և միջազգային գործընկերների հետ»,– գրված է գրավոր պատասխանում։

Ընդգծվում է նաև, որ ներկա պահին բանակցությունները դեռ ընթացքի մեջ են և ձեռք բերվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել։

Կորոնավիրուսի դեպքերի աճ կլինի. ԱՆ ներկայացուցիչն ասել է` ինչպես կընտրեն պատվաստանյութը

Ավելի վաղ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ներկա պահին տարբեր երկրների 8 պատվաստանյութեր կլինիկական փորձարկումների փուլում են։ Սակայն դեռ ոչ ոք չի կարող ասել, թե կոնկրետ որ մեկն առաջինն արտոնագիր կստանա։

Նրա խոսքով` ռուսական պատվաստանյութը ժամանակավոր գրանցում ունի, այն սահմանափակ քանակով է կիրառվելու, քանի որ ըստ ՌԴ օրենքի` փորձարկման երրորդ փուլում 40 000 պատվաստում պետք է լինի, ինչի համար ժամանակավոր գրանցում է պետք։ Կան նաև չինական արտադրության երկու պատվաստանյութ, որոնք ևս ժամանակավոր գրանցում ունեն։

Շրջանառության մեջ է դրվել Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Սահակյանը պնդում է, որ այս պահին դեռ ոչ մի երկիր պայմանագիր չի կնքել պատվաստանյութեր գնելու համար, բոլորի մոտ սպասողական վիճակ է։ Հայաստանը ևս փնտրտուքների մեջ է` բանակցություններ է վարում առանձին արտադրողների, միջազգային կառույցների և երկրների հետ։ Դեռ վաղ է ասել, թե որ պատվաստանյութը կհասնի Հայաստան, սակայն շատ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։

Նշենք, որ Ռուսաստանն առաջինն է աշխարհում COVID-19–ի դեմ պատվաստանյութ գրանցել, որը ստեղծվել է Գամալեայի կենտրոնի և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի կողմից։ Այդ պատվաստանյութը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակը արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Հայտնի է` երբ կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի խոշոր մատակարարումները