Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի փոխանցմամբ` կան երկրներ, որտեղ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոն գոյություն չունի, և այդ թեմայով մեր իրականության մեջ միշտ եղել են խոսակցություններ, հնչել տարբեր առաջարկներ։
«Այս դեպքում դրա կարիքը կա, ինչը քննարկման ենթակա հարց է։ Եթե լինի, օրինակ, երեք հոգուց բաղկացած խորհուրդ, ապա դա հավանաբար կարվի նրա համար, որպեսզի իրար փոխլրացնելով յուրաքանչյուր քննարկման ժամանակ գան մեկ օպտիմալ առաջարկի, իսկ եթե պատասխանատուն մեկ հոգի է, ապա նա կարող է ճնշվել որոշ խմբավորումների կողմից, և որպեսզի նման բան չլինի, գուցե այդ նպատակով էլ արվում է նման առաջարկ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Մինասյանի կարծիքով` սա նոր փորձարկում է, մինչդեռ արդեն իսկ կա քաղաքաշինական խորհուրդ, որը թեև ունի խորհրդատվական ձայն, սակայն այդտեղ քննարկվում են նմանատիպ հարցեր, և եթե հասկանան, թե ինչ է ասում կամ առաջարկում խորհուրդը, ապա նրա տեսակետը կունենա կարևոր նշանակություն։ Մինասյանը չի բացառում, որ քաղաքապետի առաջարկը կարող է լավ արդյունք ապահովել, որովհետև միշտ նկատվել է, որ գլխավոր ճարտարապետը երբեմն զոհ է գնում ներդրողների հսկայական ճնշումներին։
Հեռանալուց առաջ քաղաքապետն Արթուր Մեսչյանին 1 800 000 պարգևավճար է տվել
«Կարծում եմ, որ նման առաջարկ անելու դեպքում հաշվի են առնվել նաև բոլոր բացասական երևույթները, որովհետև կա վախ առ այն, որ մի անձը սովորաբար չի կարողանում և պատրաստ չէ դիմագրավել ճնշումներին։ Ավելին` ներդրողների, գործարարների ճնշումներն ավելի ահավոր են, քան վարչական ճնշումները, որովհետև նրանք երբեմն թելադրում են իրենց ասածը, իսկ պետությունը կամ քաղաքն ի վիճակի չեն դրան դիմակայել, քանզի չունեն հնարավորություններ, ֆինանսական ռեսուրսներ»,– նշեց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։
Մինասյանի համոզմամբ` ճարտարապետների խորհրդի կազմը որոշելիս վճռորոշ է լինելու քաղաքապետարանի կարծիքը, որովհետև այն քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույց է։ Այդուհանդերձ Մինասյանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել` նշելով, թե որոնք են առողջ ուժերը և ովքեր կարող են հարց լուծել։
Ըստ նրա` այդ կառույցի լավ ու վատ աշխատանքն ազդելու է քաղաքապետի գործունեության վրա, հետևաբար ճիշտ է, որ դա լինի նրանց կողմնորոշվելու տիրույթում, և եթե կարողանան պահպանել օրենքի գերակայությունը, գործերը լավ կընթանան։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը հնարավոր է` առաջիկայում վերացվի: Նրա խոսքով՝ այդ պաշտոնը պետք է ենթարկվի որոշակի մոդիֆիկացիայի և փոփոխությունների, որի արդյունքում կստեղծվի մեկ մարմին: