Երեք հաղթանակ․ Արոնյանը Chess 960 մրցաշարի առաջատարն է

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանն արդեն 4,5 միավոր է հավաքել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեկը մյուսի հետևից երեք հաղթանակ է տարել Սենտ-Լուիսի շախմատային ակումբի կազմակերպած Champions Showdown Chess 9LX առցանց առաջնության ընթացքում:

Լևոն Արոնյանը կրկին հաղթում է. Հայաստանը քառորդ եզրափակիչում է

Այսպես՝ 4-րդ տուրում շախմատիստը հաղթել է իրանցի մրցակից Ալիռեզա Ֆիրուջային (որը հանդես է գալիս Շախմատի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո), 5-րդ տուրում՝ Պյոտր Սվիդլերին(Ռուսաստան), իսկ 6-րդում գերազանցել է Լենյեր Դոմինգեսին (ԱՄՆ)։

Արոնյանը 4,5 միավոր է հավաքել և մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։

Մրցաշարն անցկացվում է Ֆիշերի շախմատի կանոններով՝ տասը մասնակիցները միմյանց հետ խաղում են 20'+10'' վերահսկողությամբ։

«Ամոթ և խայտառակություն». հայ շախմատիստները քննադատել են ՖԻԴԵ-ին

Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը, ինչպես նաև ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։